Երեւանի կենտրոնում գտնվող 33-րդ թաղամասի (հայտնի որպես Ֆիրդուսի թաղամաս) բնակիչներն այսօր կրկին կառավարության դիմաց էին՝ պահանջելու, որ գործադիրը պատասխանի իրենց դիմումին եւ վերջապես լուծում տա տարիներով բարդացած խնդիրներին։ Բնակիչները պահանջում են իրենց օտարված գույքերի պատշաճ փոխհատուցում, պնդում, որ տարածքը ձեռք բերած կառուցապատող ընկերությունները կամայականություններ են անում, խաբում, իրենց տների դիմաց «կոպեկներ» առաջարկում։

Նա նշեց, որ ժամանակին բնակիչների տներն օտարել են ու դրա դիմաց վճարել ք/մ-ի համար 580-600 դոլար, իսկ հիմա տները 10 անգամ թանկացել են․ «Հիմա կոնկրետ մեր թաղամասում շենք են սարքում, որում մեկ ք/մ-ն արժենալու է 5,5-7 հազար դոլար։ Մենք դեռեւս 2008թ․-ից պայմանագիր ենք կնքել, որ մեզ այդտեղ տուն հատկացնեն: Հիմա շենքը սարքել են ու մեզ ասում են՝ դուք տեղ չունեք, չենք տալիս: Բայց մենք ունենք սեփականության վկայականները, պայմանագրերը։ 2008թ․-ից այսպես սպասում ենք։ Փոխվել է կառուցապատողը։ Հիմա 17 կառուցապատողներ կան։ Դրա համար մեր գրավոր համաձայնությունը պետք է լիներ, բայց անգամ տեղյակ չեն պահել։ Ընդհանուր 70-80 տուն կա»:
Կարդացեք նաև
Գսպոյան Վլադիմիրը 25 տարեկան էր, երբ կառուցապատողի հետ կնքվեց պայմանագիր, որպեսզի իրենց տան համար փոխհատուցում ստանան։ Նա արդեն 40 տարեկան է, ու մինչեւ հիմա սպասում են։ Ժամանակի ընթացքում Գսպոյանների ընտանիքը մեծացել է, եւ Վլադիմիրը վերջին տարիներին առանձնացել է ու վարձով է ապրում՝ խնամքին երեք երեխաները։ Հարց է տալիս՝ ո՞վ է ի վերջո փոխհատուցելու իրեն։ «Ամեն տարի ասում են, որ մեր հարցը լուծելու են»,-ասաց նա։
Որոշ ժամանակ անց կառավարության շենքից դուրս եկավ փոխվարչապետի օգնականը, ասաց, որ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն այսօր տեղում չէ։ Նա պատրաստակամություն հայտնեց բնակիչներին հանդիպել երկուշաբթի կամ երեքշաբթի։
«Մեզ բոլոր վարչապետներն ընդունել են։ Հիմա էլ վարչապետը պետք է մեզ ընդունի։ Ասում է, թե համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված։ Թող մեզ հանդիպի, կասենք, թե ինչ համակարգային կոռուպցիա կա այստեղ»,-հայտարարեցին բնակիչները։
Հիշեցնենք, Ֆիրդուսի թաղամասը դեռեւս 2008թ․-ին ճանաչվեց գերակա հանրային շահ, եւ 2018թ․-ի մարտին կառավարությունը վերահաստատեց այդ որոշումը։ Դրանում ասվում է, որ այս թաղամասի կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիր` համադրելով հին Երեւանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ։


Ռաֆայել Սաֆարյանի տունը Հանրապետության փողոցի վրա է՝ կառավարության շենքի հետնամասում։ Տարիներ շարունակ նա դատական քաշքշուկների մեջ է։ «Սա ոչ թե գերակա շահ է, այլ գերակա կոռուպցիա՝ կառավարության թողտվությամբ եւ քաղաքապետարանի իմացությամբ»,-ասում է նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































