Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մայոր Գեւորգյանը կարող է վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալ՝ իր օգտին ցանկալի ցուցմունքներ ստանալու համար». «Ցորի զորամասի» գործով նիստը

Ապրիլ 17,2023 16:40

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ցորի զորամասի» գործով նիստին դատախազն ու տուժող կողմը առարկություններ ներկայացրին պաշտպանության կողմի միջնորդությանը՝ ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։

Նախորդ նիստերից մեկում վկաներ էին ցուցմունք տալիս՝ զինվորներ ու պնդում, թե՝ եթե Գեւորգ Գեւորգյանը չլիներ, իրենք էլ էին զոհվելու:

Դատախազն ասաց, որ 23 վկաներից հարցաքննության ենթարկվել է 9-ը, ըստ էության, այդ վկաներն ու Գեւորգյանը պետ-ենթակա հարաբերությունների մեջ են եղել Գեւորգյանը հանդիսացել է վկաների գերակշիռ մասի պետը ու եթե Գեւորգյանը հայտնվի ազատության մեջ, նրանց վրա ազդեցություն գործելու հավանականությունը մեծ է: Ըստ դատախազի, միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:

Առարկություն ներկայացրեց նաեւ տուժող կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը. «Ես գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է: Գեւորգ Գեւորգյանին կալանքի տակ պահելու ժամկետը վերջին անգամ երկարացնելիս դատավորը նշել է, որ ներկայացված նյութերում առկա են հիմնավոր փաստեր, որոնք թույլ են տալիս ասել, որ ազատության մեջ մնալով՝ Գեւորգ Գեւորգյանը կարող է քրեական դատավարության մասնակցող անձանց վրա ազդեցություն թողնել եւ խոչընդոտել գործի քննությանը: Դատարանների պատճառաբանությունը հերքող որեւէ բան ի հայտ չի եկել, ավելի է խորացել: Ուստի այդ հիմքը շարունակվում է պահպանվել»:

Նա նշեց, որ Գեւորգյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար, որի համար նախատեսվում է պատիժ ազատազրկում 7-13 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ, կամ առանց. <Հանցանքի ծանրությունը եւ սպասվող պատժի խստությունը հանդիսանում է կարեւոր տարր՝ գործի քննությանը խոչընդոտելու: Գործով ձեռք բերված փաստական տվյալները ամբաստանյալին վերագրվող հանցանքի ծանրությունը գնահատելով՝ գտնում եմ, որ Գեւորգյանը ազատության մեջ լինելով՝ կարող է ազդեցություն գործադրել գործով դեռեւս չհարցաքննված վկաների վրա: Գեւորգ Գեւորգյանի առերևույթ կատարած հանցագործության հետեւանքով զոհվել է 20 զինծառայող, նա հանդիսացել է այն ստորաբաժանման շտաբի պետը, որտեղ ծառայել են եւ հիմա էլ շարունակում են ծառայել քրեական գործի հետ առնչություն ունեցող այն անձինք, որոնք այժմ սույն գործով վկաներ են: Հետեւաբար, Գեւորգյանը կարող է վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալ՝ իր օգտին ցանկալի ցուցմունքներ ստանալու համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930