Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը կործանել են, ու գոյություն չունի․ ցավում եմ, բայց դա է իրականությունը»․ Գեւորգ Գեւորգյան

Հոկտեմբեր 06,2026 15:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Յուրաքանչյուր հայի չի՞ հուզում՝ ոնց եղավ, որ հաղթանակած պետությունից մենք այսօր դարձել ենք մի ժողովուրդ, ով որ անորոշության մեջ սպասում է, թե իր ճակատագիրն ինչ է լինելու։ Իբր թե մեզ հրամցնում են խաղաղության կեղծ օրակարգով, իսկ Ադրբեջանի ղեկավարը անընդհատ հաթաթա է տալիս, ասում է․ «Եթե հանկարծ ձեզ խելոք չպահեք, էլ ավելի շատ եք կորցնելու»։ Այսինքն՝ առաջվա մեր խոսույթը իրենք են արդեն վերցրել։ Մեզ դա չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ եղավ, ո՞նց եղավ, որ հաղթանակած բանակից մենք դարձանք այս վիճակում, ո՞նց եղավ դա, ովքե՞ր են այն ղեկավարները, ովքեր վերցրին քաղաքական պատասխանատվությունը»,- ԱԺ շենքի մոտ ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գեւորգ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կտա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացումը։

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորածների մի խումբ ծնողներ այսօր կրկին ցույց էին անում ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Մենք՝ կոնկրետ ես և իմ ընկերները, դրա պատասխանը որոշակի առումով, բնականաբար, ունենք։ Բայց մեզ հարկավոր է, որպեսզի հանրությունն էլ իմանա․ հանրության մեջ անընդհատ մեկը մյուսի տակ փորելը, մեկը մյուսին վատաբանելը, փնովելն ու անընդհատ պառակտելը իրենց տալիս է հնարավորություն շարունակելու իրենց կեղծ օրակարգերը։ Բայց հասկացեք, պետությունը մի օրվա կառավարման խնդիր չէ, կամ այս պահի դրությամբ ոնց գտնում են հարմար է, այդ կոնյուկտուրայով կառավարեն։ Չէ՛։ Պետությունը մնայուն է, պետությունը դա մի ամբողջ ժողովրդի և ազգի հարատևության, իրենց ապրելու հնարավորությունն է, իրենց տունն է, իրենց ձայնն է, իրավունքն է, ձայնի իրավունքն է, աշխարհում խոսելու իրավունքն է»,- շարունակեց բանախոսը՝ հավելելով, որ պատասխաններ, թե ո՞նց տեղի ունեցան այս հազարավոր զոհերը, ո՞նց մենք կորցրեցինք Հայրենիքը, ո՞նց էր հարյուրավոր կամ տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու գտնվող թուրքը այսօր կարողանում հանգիստ ներթափանցել, անցնել մեր սահմանը, ո՞նց է ինքն անընդհատ անպատիժ լինում, ո՞նց է կարողանում մտնել ու դուրս գալ։

Իր հնչեցրած հարցերի պատասխանները Գեւորգ Գեւորգյանը ունի՝ որովհետև առաջին հերթին մեր պետականությունը, որպես պետության ինստիտուտներ, գործող իշխանությունները ամբողջը կործանել են, և գոյություն չունի այն, ինչի մասին իրենք խոսում են․ «Պարզապես փոշի են փչում մարդկանց աչքերին։ Բանակը բառի բուն իմաստով կործանել են, ու գոյություն չունի․ ցավում եմ, բայց դա է իրականությունը։ Դիվանագիտական հարթակներում իրենք ծնկի իջած են խոսում, իրենք այդ նկարներով և տարբեր իրենց լրատվամիջոցներով երբ ներկայացնում են, իբր իրենք արժանապատիվ քաղաքականություն են վարում, գոյություն չունի արժանապատիվ քաղաքականություն, երբ որ հակառակորդդ՝ քո ագրեսոր, թշնամի պետության ղեկավարը, քեզ ասում է «հարբեցող», «ծաղրածու» և այդ ձևով է քեզ դիմում։ Չկա արժանապատիվ այնտեղ որևիցե հարաբերություն, և եթե չկա համարժեք, արժանապատիվ հարաբերություն, գոյություն չունի խաղաղություն։ Մենք ուզում ենք իմանալ՝ այս պատասխանատուները ովքեր են, և ովքեր են այսօր էլի դեռ շարունակում կառավարման ոլորտում լինել, օրենսդիր և գործադիր մարմնում լինել, և իրենց օրոք շարունակվող արհավիրքներից հետո ինչ է լինելու մեր երկրի և ժողովրդի հետ։ Չի բացառվում, որ իրենք մեզ ներկայացնեն մի փաստաթուղթ, որտեղ համարյա ոչինչ գոյություն չունի։ Մեզ պետք է այն փաստաթուղթը, որի վրա իրենք մի քանի տարիներ շարունակ քննություն են արել և ունեն ամբողջ հիմքերը․ և այդ հիմքերը, որոնք ցույց են տալու թե՛ դավաճաններին, թե՛ թշնամիներին, թե՛ թշնամիների հետ համագործակցողներին։ Ու դա կապ չունի՝ ներկա իշխանությունից է, թե նախկին, թե ապագաներից։ Ով ուզում է լինի, ով մեղավոր է, ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գեւորգ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031