«Ատոմակայանի վերազինման մեծածավալ աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, եւ արդյունքում երկարաձգվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը։ Հիմա երկրորդ փուլում ենք։ Աշխատանք կա անելու, որովհետեւ ժամկետը կերկարացնենք մինչեւ 2036թ․-ը։ Նախանշված է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբերից՝ 2-3 տարում ավարտելով։ Իսկ նոր ատոմակայանի հետ կապված աշխատանքներ կան։ Այն բավականին լուրջ ու բարդ որոշում է»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի հետ կապված կառավարությունն ունի՞ վերջնական որոշում, ի՞նչ ժամկետներ են նախանշված։

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին 2021-ի ապրիլին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ցանկանում է «քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































