Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական կողմից միջազգային հանրությանը պարբերաբար Հայկական ԱԷԿ-ի մասին սխալ տեղեկություն տալը նույնպես ահաբեկչության դրսեւորում է. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 04,2023 10:04

Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին 3 տասնամյակում, ոչ մի առիթ բաց չթողնելով, միջազգային հարթակներից ու հանդիպումներում պարբերաբար հնչեցրել են, թե իբր Հայկական ատոմակայանը վտանգավոր է, եւ անհրաժեշտ է այն փակել։ Թյուրքական այդ երկու պետությունները հաջողության չեն հասել, քանզի ատոմային էներգետիկան այն ոլորտն է, որտեղ տեղ ունեն նախ տեխնիկական գնահատականները։ Իհարկե, սա չի նշանակում, թե արժեզրկվում են քաղաքական գնահատականները, բայց այդ տարիներին Հայաստանն այլ կարգավիճակում է եղել, այլ «ձայնով» եւ կարողացել է չեզոքացնել թյուրքական ձայնը՝ ՀԱԷԿ-ի մասով միջազգային մասնագիտական-տեխնիկական գնահատականների հետ միասին։ Թուրքիան ու Ադրբեջանը այսօր էլ չեն դադարեցնում իրենց քաղաքական հայտարարությունները, ինչը հիմա ունի նաեւ տնտեսաքաղաքական հիմք. այլ կերպ՝ Թուրքիայում հիմա ատոմակայան է կառուցվում, էլէներգիայի արտահանման լուրջ ռազմավարություն ունի եւ, բնականաբար, այդ պետությանը ձեռնտու է ՀՀ-ի՝ ատոմակայան չունենալը, եւ հետագայում Թուրքիայից այս մասով կախման մեջ ընկնելը։

2000-ականներին ԵՄ-ն մեզ խորհուրդ էր տալիս փակել ատոմակայանը, փորձը ցույց տվեց, որ երբ հաստատակամ մնացինք չփակելու որոշման մեջ (տեխնիկատնտեսական բոլոր պարամետրերով ապացուցված), շահողը մենք դուրս եկանք։ Մանավանդ որ մասնագետները միշտ են ասել, թե ատոմակայաններն ավելի մաքուր են աշխատում, քան, ասենք, ջերմային կայանները։ Հիմա Եվրահանձնաժողովն էլ միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել (քաղաքական հնարավոր կրկնվելիք արգելքը դուրս եկավ)։ Մեզ մնում է հաստատակամ լինել եւ շարունակել զարգացնել միջուկային էներգետիկան՝ այն դիտարկելով մեր երկրի էներգետիկական անկախության եւ անվտանգության համապատկերում:

Հաստատակամ մնալու համար մեր կողմից չպետք է անտեսվի հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական ոչ մի հայտարարություն, եթե նույնիսկ այն հիմարություն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդունելով ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին, ասել է, թե իբր «կայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար, աշխատում է հին տեխնոլոգիաներով եւ ունի լուրջ տեխնիկական խնդիրներ»։

Նախ՝ երբ Անկարան ու իր գործիք Բաքուն խոսում են այն մասին, թե ՀԱԷԿ-ը վտանգավոր է, դա նշանակում է, որ նրանք կասկածի տակ են դնում այս ամբողջ երեք տասնամյակի ընթացքում ՀԱԷԿ-ի մասին մասնագիտական-տեխնիկական բոլոր զեկույցներն ու զեկույցների կողմերին։ Հետո՝ եթե հայկական ատոմակայանը վտանգավոր է տարածաշրջանի համար, ապա ինչու էր թյուրքական կողմը 2020-ին սպառնալիքներ հնչեցնում ՀԱԷԿ-ին հարվածելու։ Ի՜նչ է, այդ դեպքում տարածաշրջանին վտանգ չէ՞ր սպառնալու։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը աչքի ընկավ հիմարության հասնող անհեռատեսությամբ, երբ սպառնաց, թե Ադրբեջանը հրթիռային հարված կհասցնի ՀԱԷԿ-ին։ «Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին։

Այսինքն՝ ըստ թյուրքական տրամաբանության, եթե հրթիռային հարված են հասցնում, աղետը միայն Հայաստանի համար է, բայց եթե ՀԱԷԿ-ը նորմալ աշխատում է, վտանգը ամբողջ տարածաշրջանի համար է։

Թյուրքական կողմից միջազգային հանրությանը պարբերաբար Հայկական ԱԷԿ-ի մասին սխալ տեղեկություն տալը նույնպես ահաբեկչության բացահայտ դրսեւորում է։ Քանզի այն հետապնդում է մեկ նպատակ՝ Հայաստանին զրկել միջուկային էներգետիկայի զարգացման ու էներգետիկ անվտանգության հեռանկարներից։ Հետեւաբար, հայկական կողմը թյուրքական կողմի ոչ մի հայտարարություն այս մասով չպետք է անտեսի՝ լինի այն հիմարություն, զրպարտություն, թե բարբաջանք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031