Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք. Իշխան Սաղաթելյան

Ապրիլ 23,2023 22:05

Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, մեր անցյալից,  որպեսզի  գողանան մեր ապագան: Այսօր Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ «2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, երկրի առջեւ կանգնած մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը: Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունը՝ կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները, ցանկանում է  հրաժարվել մեր համահայկական պայքարից: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրավունքների պաշտպանության Սահմանադրական իր հանձնառությունից: Հրաժարվում է  Արցախից ու հայրենիքի  դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում է նոր ցեղասպանության: Բայց արդյոք մեր հազարամյակների պատմության մեջ բազմաթիվ պարտություններ ու հաղթանակներ տեսած ազգը կարող է  այսպիսի  մղձավանջի մեջ հայտնվել: Արդյոք ծանր պարտությունից, ցեղասպանության մոխիրներից հառած ու ընդամենը երեք տարի անց փառավոր հաղթանակներ կերտած ու պետականություն վերականգնած ազգը կարող է այսքան հուսալքվել ու ընկճվել, թեկուզ ամոթալի, թեկուզ ստորացուցիչ պարտութունից, պատասխանը միանշանակ է՝ ոչ… մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, հայկական պահանջատիրությունից, մեր անցյալից, որ գողանան մեր ապագան»:

Սաղաթելյանի խոսքով՝ մեզ բաժանում են նախկինների, նորերի, սեւերի, սպիտակների, հայաստանցիների, ղարաբաղցիների, տեղացիների, սփյուռքահայերի, որպեսզի ավարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման այս հրեշավոր ծրագիրը«: Մեզ հեռացնում են մեր արմատներից, հարձակվում են եկեղեցու վրա եւ դա անում են պարզ պատճառով, որովհետեւ Թուրքիայի ծրագրերում ոչինչ չի փոխվել եւ դա անում են այս շենքում նստած Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եւ նրա ձեռքով»:

Ըստ Սաղաթելյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը դիմադրություն եւ պայքարն է. «Հետեւաբար, մենք այլ ընտրություն չունենք, մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի եւ արժանապատիվ կյանքի ճանապարհը…Ստում են եւ դավաճան են բոլոր նրանք, որոնք պնդում են՝ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք եւ պետք է հանձնվենք»:

Դիմելով արցախահայությանը՝ Սաղաթելյանը ներողություն խնդրեց յուրաքանչյուրից, ապա  ասաց. «Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացրել Արցախից, մենք միասին ենք, մեկ բռունցք եւ ուժ: Մենք ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք շրջելու մեր պատմության այս սեւ էջը: Ամեն ինչ վերջացած չէ սիրելի հայրենակիցներ, գլխավոր կռիվը դեռ առջեւում է, չնահանջենք մեր արդար պայքարից, մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական եւ անձնական հարցերը, համախմբվենք եւ դուրս վռնդենք մեր երկրից ներքին թշնամիներին եւ արտաքին թշնամուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930