«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա ու տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին»,-Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա տիկին Կոլոնային հենց դիրքերում պատմեց, թե 2022թ․ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը ինչպես է ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հավաստմամբ՝ հակառակորդի գործողությունները այդ ժամանակ ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էին, այլ եւս չորս՝ Սյունիքի մարզում՝ 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում՝ 2 ուղղություններով․ ընդհանուր առմամբ՝ 5 ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն այդ ժամանակ ունեցել է մարդկային ու տարածքային կորուստներ։ «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում»,-փաստեց Ասրյանը:
Վերջինս Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղում ցույց տվեց նաեւ, թե Ջերմուկի ուղղությամբ որտեղով էր անցնում հայ-ադրբեջանական սահմանը մինչեւ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան եւ որտեղ են հիմա տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը։


















































