Լրահոս
Օրվա լրահոսը

Հրահանգել էր ոչնչացնել բոլոր փաստաթղթերը

Մայիս 01,2023 13:30

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» մենագրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրված օսմանյան «Ալեմդար» օրաթերթում հրատարակված Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի (Մամուրեթ-ուլ Ազիզ) եւ Բյույուք Դերեի (Բողազիչի) դատավարությունների նիստերը ներկայացնող հրապարակումների հայերեն թարգմանությունները: Ներկայացնում ենք մի հատված մնագրությունից:

«Նոր վարչապետ Ահմեդ Իզզեթի` 1918 թ. հոկտեմբերի 19-ին օսմանյան խորհրդարանին ներկայացրած ծրագրում ոչ մի քննադատություն չկար ուղղված պատերազմի ժամանակ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության վարած քաղաքականությանը: Անգամ «տեղահանության դեպքը» բացատրվում էր «պատերազմական դրության անհրաժեշտությամբ»:

Հարկ է նշել, որ Ահմեդ Իզզեթ փաշան ոչ միայն արգելք էր դարձել իթթիհադականների հետաքննությանը, այլեւ` անգամ հրահանգել ոչնչացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավորություն կընձեռեին հետաքննություն սկսել ոճրագործների նկատմամբ: Վարչապետ դառնալուն պես նա հրամայել էր անմիջապես դադարեցնել Հատուկ կազմակերպության աշխատանքները եւ վերացնել տվյալ կազմակերպության արխիվը, բացի այդ` ապահովել էր, որպեսզի հայերի կոտորածների կապակցությամբ հետապնդվող կասկածյալներն ազատ կերպով հեռանան Ստամբուլից: Իզզեթ փաշայի կառավարության կազմում ներկայացված էին առնվազն 4 հայտնի իթթիհադականներ, որոնք զբաղեցնում էին ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի պաշտոններ, ինչպիսիք էին, օրինակ, արդարադատության, ռազմածովային եւ ներքին գործերի նախարարների աթոռները: Դրանք էին ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը, արդարադատության նախարար Հայրի էֆենդին, որը նախկինում շեյխուլիսլամ (կրոնական առաջնորդ) էր եղել, ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը եւ ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ավելին` նախքան Իզզեթը:

Վարչապետի պաշտոնում առաջադրված Ահմեդ Թեւֆիկ փաշայի առաջ Թալեաթը պայման էր դրել, որ վերջինս իր վարչակազմում ընդգրկեր «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության երկու անդամի, հատկապես Ջավիդին, սակայն Թեւֆիկը չէր համաձայնվել իթթիհադական նախարարներ ունենալ իր կառավարության կազմում ու չդիմանալով ճնշումներին` հրաժարվել էր սադրազամ դառնալու առաջարկից, եւ վարչապետ էր նշանակվել Ահմեդ Իզզեթը:

Իթթիհադական, երիտթուրքական եւ հանրապետական շրջանների պատգամավոր, հայտնի լրագրող Յունուս Նադի Աբալըօղլուի համաձայն` Թալեաթը հրաժարական տալուց առաջ ձգտում էր ապահովել երկու բան` «Միություն եւ առաջադիմություն» կազմակերպության ցանցի` ամեն կերպ պահպանումը եւ իրեն հաջորդող կառավարության` ոչ պատահական լինելը: Դա, բնականաբար, պայմանավորված էր պատերազմի տարիներին կատարված ոճրագործությունների եւ հատկապես Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու նպատակով:

Մուդրոսի զինադադարի կնքումից երկու օր անց` 1918 թ. նոյեմբերի 1-ին, տեղի է ունենում «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության համագումարը: Մոտ 120 պատվիրակ, կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից մշակված եւ համագումարին առաջարկվող բանաձեւից անտեղյակ, ունկնդրում են Թալեաթին: Վերջինս մանրամասն ներկայացնում է Բալկանյան պատերազմներից (1912-1913 թթ.) ի վեր կուսակցության գործունեությունը եւ Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Կայսրության դրությունը: Համագումարում որոշում է կայացվում «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության լուծարման եւ վերջինիս ողջ ունեցվածքը նոր հիմնվելիք «Թեջեդդյութ» (Վերածնունդ) կուսակցությանը հանձնելու մասին: Ինչպես նշում է այդ ժամանակաշրջանն ուսումնասիրած թուրք պատմաբան Օսման Սելիմ Քոջահանօղլուն, այս որոշումն, անշուշտ, կայացվել էր ոչ թե համագումարի պատվիրակների կողմից, այլ ընդունվել էր իթթիհադական պարագլուխների` օրեր տեւած գաղտնի ժողովների արդյունքում, այն հավաքների, որոնց ընթացքում մանրակրկիտ կերպով քննարկվել էր իրենց եւ կուսակցության դրությունը, եւ անգամ նախապատրաստվել երկրից փախչելու ծրագիրը, որից տեղյակ էին ընդամենը 5-6 հոգի: 1918 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը կուսակցության կենտրոնական կոմիտեի հիմնական փաստաթղթերն իր հետ էր տարել Թալեաթի հետ հեռացած կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Նազըմը, այդպիսով մեջտեղից վերացնելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող ապացույցները: Նախապես էին որոշվել նույնիսկ նոր` «Թեջեդդյուդ» կուսակցության անվանումը, կանոնադրությունը եւ այն անձանց անունները, ովքեր կազմելու էին կուսակցության կորիզը: Նշենք, որ «Թեջեդդյուդ» կուսակցությունը երկար կյանք չունեցավ եւ շուտով հեռացավ քաղաքական թատերաբեմից:

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո երկրի քաղաքական մթնոլորտում առկա տագնապալի դրության առաջացման եւ վատատես կանխատեսումների մեջ զգալի դեր ուներ երիտթուրքական կառավարության եւ կուսակցության` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած պատասխանատվության խնդիրը:

Հայոց ցեղասպանության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում երիտթուրքերի չորրորդ համագումարը, որը տեղի է ունեցել 1911 թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը: Այս համագումարի ժամանակ կուսակցության պատվիրակների մեծ մասն ընդունել է, որ կայսրության օսմանականացման համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, այն է` ոչ թուրք ժողովուրդների բռնի ուծացումը: Նույն համագումարի փակ նիստում արդեն նախագծվել էին Օսմանյան Կայսրության ժողովուրդների, առաջին հերթին` հայերի եւ հույների բռնի թուրքացման ծրագրի իրականացման կոնկրետ միջոցառումները, որոնց շարքում նախատեսվում էին նաեւ բնակչության բռնի տարագրումը եւ բնաջնջումը` աքսորի ճանապարհներին կամ վերաբնակեցման վայրերում:

Թեեւ հայերի առաջին տեղահանությունն սկսվել էր դեռեւս 1915 թ. մարտի 2-ին` Դյորթյոլի հայերի տարագրմամբ, բայց ցեղասպանությանն «օրինականություն» հաղորդելու նպատակով կոտորածների գլխավոր համակարգողը` ներքին գործերի նախարար Թալեաթը, 1915 թ. մայիսի 14-ին հրապարակեց ժամանակավոր հորջորջված «Տեղահանության մասին» օրենքը, որն ընդունվել էր ապօրինի կերպով, քանի որ վարչապետ Սայիդ Հալիմ փաշան այն ստորագրել էր նախքան խորհրդարանի հավանությանն արժանանալը…

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031