Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր «էթնիկ փոքրամասնությունները»

Մայիս 05,2023 10:00

ԱՄՆ Պետքարտուղարությունը, մանրամասներ հայտնելով Միրզոյան-Բայրամով բանակցություններից, հայտնում է, որ «Հարաբերությունների կարգավորման համաձայնությունը» կոչվող փաստաթուղթը, որը քննարկում են արտգործնախարարները, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»:

Այստեղից կարելի է հասկանալ, որ նախ՝ «խաղաղության պայմանագրում» Արցախում ապրող մեր հայրենակիցներն ընդամենը «էթնիկ փոքրամասնություն» են, որն ապրում է Ադրբեջանում: Բայց դա դեռ քիչ է: Այդ բառակապակցությունն օգտագործվում է հոգնակի թվով, որովհետեւ խոսքը նաեւ ադրբեջանական «էթնիկ փոքրամասնության իրավունքների» մասին է: Որտե՞ղ պետք է ադրբեջանցիներն այդ իրավունքն իրագործեն: Դե, իհարկե, Հայաստանում կամ, ալիեւյան եզրաբանությամբ, «Արեւմտյան Ադրբեջանում»: «Հարաբերությունների կարգավորման համաձայնությունն», այդպիսով, ենթադրում է, որ ադրբեջանցիները, իրագործելով իրենց «իրավունքները» պետք է «վերադառնան» Հայաստանի Հանրապետություն, եւ այդ հանրապետության իշխանությունն իր վրա նման պարտավորություն է վերցնում: Դա ուղիղ ճանապարհ է դեպի հայկական պետականության կործանում: Եվ, իհարկե, ոչ մի խաղաղություն եւ ոչ մի անվտանգություն այդ ճանապարհին մենք չենք ունենա:

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը գուցե այդ հեռանկարը չի տեսնում: Բայց իշխանության մեջ գտնվող մարդիկ, թերեւս, հասկանում են, թե ինչ են անում: Բացառված չէ, իհարկե, որ նրանք մտածում են՝ «լավ, այդ թուղթը ստորագրենք եւ գուցե Ադրբեջանը, թեկուզ ժամանակավորապես, դրանով կբավարարվի»:

Բայց իրականում նման բան տեղի չի ունենա: Եվ Թուրքիան էլ չի բավարարվի «Նեմեսիսի» արձանն ապամոնտաժելու պահանջով: Ապամոնտաժելու դեպքում գուցե երկու շաբաթով օդային տարածքը բացի, որից հետո նոր պահանջներ կդնի: Այնպես որ նրանք, ովքեր ասում էին, որ ամռանը հայ-թուրքական սահմանը կբացվի, առնվազն միամիտ էին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նորմալ քոչվորները տարբեր տեսակի անասուններ են պահում եւ նրանց հաշվին ապրում, այլասերված քոչվորները մարդկանց ու ժողովուրդներին են անասունի տեղ դնում եւ նրանց հաշվին ապրում: Այս այլասերվածները դարերով իրար հետ շատ լավ համագործակցում են եւ տեղաբնիկ ժողովուրդներից ու սկզբունքային մարդկանցից իրենց իշխանությունը պաշտպանում: Այս այլասերվածներն են, որ կռիվներ են գցում ժողովուրդների մեջ, պետությունների ղեկավարներն իրենց տարօրինակ հակապետական գործերով ցույց են տալիս, որ իրենք դրածո են այդ այլասերվածների եւ որոնք սեփական ժողովրդին ու մյուս ժողովուրդներին անասունի տեղ են դնում: Նրանք հենց այնպես չեն կարող մարդուն կամ ժողովրդին անասուն հայտարարել, նրանք այդ մարդկանց ու ժողովուրդներին սադրում են ինչ որ անասնական գործողությունների եւ եթե այդ խայծը կուլ են տալիս, հանգիստ խղճով այդ մարդկանց ու ժողովուրդներին որպես անասուն են վերաբերվում: Օրինակ, ընտրողին ընտրակաշառք են առաջարկում, եթե մեր ընտրողը հոժարակամ ընդունի այդ կաշառքը .. ( մի խմիր կազյոլի ոտի տակի ջուրը, կազյոլ կդառնաս, բա էս կազյոլների պատճառով է, որ էս օրին ենք:) ), բայց դե երեխան չի մեղավոր, այլ սկզբունքային մարդիկ, որոնց սկզբունքայնությունը միայն իրենց վարքում է, փոխանակ ստիպեն իրենց վարքով այդ երեխաներին սկզբունքային վարք ցուցաբերեն ամենասադրիչ իրավիճակներում: Կարմիր գծեր ունեցող սկզբունքային մարդիկ, դուք ձեր սիրով ու վարքով դարձի բերեք մեր կազյոլապաշտներին:

  2. Seyran says:

    Հետաքրքիր է այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներից գոնե մեկը գիտի՞ որ ՀխՍՀ տարածքում նախկինում բնակվող մուսուլման երի մեծ մասը իրենց բնակարան երը կամ առանձնատները փոխանակել են ադրբեջանում բնակվողների հետ՝օրինակ՝Շուռնուխի՝Որոտա նի բանավանի ւ այլն։Մասիսի թուրքեը փոխանակել են Կիրովաբադի հայ բնակիչների հետ- – – ։Մենք սխալմամբ ՀԽՍՀ նախկին մահմեդական քաղաքացիներին ադրբեջանցի ենք անվանում թեւ նրանցից մասը ադրբեջանում երբեք չեին եղել՝ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին ւ նման բաներ։Հա ջուր ասեցի հիշեցի՝Տաթւհեկը Սյոնիքի ամբողջ գետերի ջրերը հավաքում ւ ուղարկում է ադրբեջան՝մարդաբոյ բարձրությամբ-քսան մետր լայնությամբ՝միլիոնավոր խմ-եր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031