Լրահոս
Օրվա լրահոսը

Վալմարի հոբելյանական ցուցահանդեսն իրադարձություն էր

Մայիս 06,2023 18:35

ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյանը) 75 տարեկան է։ Շաբաթից ավելի է, ինչ Հայաստանի Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել էր Վալմարի 75-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բացման արարողությանը կարեւորեց, որ նման միջոցառումները խիստ անհրաժեշտ են մեզ ոչ միայն արվեստն ու տաղանդը ներկայացնելու, այլեւ մարդկանց միջեւ շփում ստեղծելու համար։

Ներկայացված էր ավելի քան 200 կտավ: Այցելուներից մեկը, ճարտարապետ լինելով, փաստեց, որ նրա աշխատանքները ունեն անբացատրելի արտասովոր իմաստ, այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս կանգնել ու երկար մտածել կտավներում առկա պատկերների մասին։

Նկարչի դուստրը՝ Հռիփսիմե Մարգարյանն ընդգծեց՝ կտավներին նայելիս հասկացվում է, որ հեղինակը Վալմարն է։

Նրա աշխատանքները ճանաչում ունեն նաեւ հայրենիքի սահմաններից դուրս` տարբեր երկրներում ցուցահանդեսների, թանգարանների եւ մասնավոր հավաքածուների շրջանակներում։ Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում։

Վալմարը սկսած 1972 թվականից բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1976 թվականից Վալմարը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1994 թվականից՝ Միջազգային նկարիչների միության անդամ (UNESCO): Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցանակների, 2006թ.-ին ՀՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 2007թ.` ոսկե մեդալին, 2008թ.` ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին։ Իսկ 2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար արվեստի սրահը»։

 

Հեղինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՊՄՀ Լրագրության բաժնի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031