Լրահոս
Օրվա լրահոսը

«Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը՝ Թբիլիսիում

Հոկտեմբեր 08,2026 17:18 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։

Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը:

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները:

Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել