Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը, բացի երեւացող պահանջներից, ունի այլ հավակնություններ, որոնց մասին միգուցե կուլիսների հետեւում է խոսում»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 08,2023 11:45

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

– Պարոն Աբրահամյան, Վաշինգթոնում տեղի ունեցավ բանակցությունները արդյունք չտվեցին։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, ինչո՞ւ հնարավոր չի լինում բանակցություններում ընդհանուր համաձայնության գալ։

– Նույնիսկ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանն առաջարկել է քննարկել Արցախի լայն ինքնավարության հարցը, Ադրբեջանը նույնիսկ դրան չի համաձայնում։ Այսինքն՝ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայց Բաքուն նույնիսկ այս պայմաններին չի համաձայնում։ Եվ սա ինքնին ցույց է տալիս, որ ադրբեջանական պահանջները առավելապաշտական են ու մաքսիմալիստական։ Եվ, բացի այն հանգամանքից, որ Ադրբեջանն ուզում է լեգիտիմացնել 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումները եւ վերահսկողությունը ՀՀ մի շարք տարածքների նկատմամբ՝ Ջերմուկ, Իշխանասար, Սեւ լիճ, Ներքին Հանդ եւ այլն, Ադրբեջանն ակնկալիքներ ունի նաեւ 8 հայկական գյուղերի նկատմամբ։ Ավելին, դրանք չեն սահմանափակվում միայն այդ գյուղերի տարածքով, հավակնություններ կան մեծ թվով այլ տարածքների նկատմամբ, որոնց վրա որեւէ փաստական հիմնավորվածություն չունի Ադրբեջանը։ Բայց այդ երկրի պահանջները գնալով աճում են։ Այս իրավիճակում, երբ Հայաստանի իշխանություններն, ըստ էության, դեմ չեն այսպիսի զիջումների չգնալու, Ադրբեջանի չհամաձայնելն այս մոտեցումներին ցույց է տալիս, որ Ադրբեջանը, բացի երեւացող ու արտահայտվող պահանջներից, ունի նաեւ այլ հավակնություններ, որոնց մասին միգուցե կուլիսների հետեւում է խոսում, լայն հանրությունը տեղյակ չէ։ Բայց ակնհայտ է, որ այդ պահանջները կան, եւ Ադրբեջանում կարծում են, որ քանի ՀՀ այս իշխանությունների պայմաններում իրենց համար բարենպաստ իրավիճակ է՝ ագրեսիայի, տարբեր բանակցային խարդախությունների, շանտաժի միջոցով հասնելու իրենց պահանջների կատարմանը, նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրում։ Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել իրենց ամբողջական օրակարգի բավարարմանը։ Դա, ըստ էության, հայկական հարցի, այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի օրակարգի ամբողջական հանգուցալուծումն է։

– Միջազգային հանրությունը չի ցանկանո՞ւմ, թե՞ չի կարողանում ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։

– Իրավիճակը հետեւյալն է․ մի կողմից կա Հայաստան, որի իշխանությունը ներկայացրել է նախկինում դրված նշաձողի իջեցման օրակարգ՝ սկսած Արցախի ինքնորոշման իրավունքից հետ կանգնելուց, վերջացրած ինքնավարության գաղափարի առաջ բերումով, ինչը ենթադրում է Ադրբեջանի կազմում որեւէ կարգավորում։ Այս պայմաններում, երբ Հայաստանն ինքը պրագմատիկ նշաձող չի սահմանել, բնական է, որ միջազգային հանրություն ասվածը, միջնորդ պետությունները չեն դնելու շատ ավելի բարձր նշաձող, քան հայտարարում է Հայաստանի իշխանությունը։ Եվ, բնականաբար, այս իրավիճակում Ադրբեջանը դառնում է շատ ավելի ագրեսիվ, լկտի եւ փորձում է իրագործել այս իրավիճակից բխող բոլոր հետեւությունները։

– Հետեւաբար, ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը։ Իշխանությունը հայկական իրավունքներից հրաժարվելու քաղաքականություն է որդեգրել կարծես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «տարածքային նկրտումներ չունենք որեւէ երկրի նկատմամբ»։ 

– Ակնհայտ է, որ այս իշխանությունը որեւէ քաշ վերցնելու հնարավորություն այլեւս չունի, տապալել է եւ արտաքին քաղաքականության, եւ անվտանգության ոլորտում բոլոր հիմնական սկզբունքները։ Եվ այսպիսի իշխանության պարագայում ես ինքս որեւէ լուծում չեմ տեսնում։ Կա մեկ տարբերակ, դա այս իշխանության հեռացումն է, որը կարող է Հայաստանի եւ Արցախի համար հնարավորություն ստեղծել։ Այսինքն՝ գոնե Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին այս 5 տարվա ընթացքում տեսել է, որ այս իշխանությունը, որի առաջնային առաքելություններից մեկը երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքացիների անվտանգության ապահովումն է, փաստացի տապալել է։ Եվ այս 5 տարիների հետեւանքը հազարավոր զոհերն են, Արցախի եւ Հայաստանի հանրապետության տարածքային հսկայական կորուստները, նաեւ ինքնիշխանության կորուստը, որը Հայաստանը բերել ու հասցրել է այնպիսի ճգնաժամի, որ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները շանտաժի, սպառնալիքի, լեզվով խոսելուց զատ, ցանկացած պահի նաեւ դիմում են ուժի կիրառմանը։ Խնդիր այն է, որ որեւէ մեկը Փաշինյանին չէր ասում, որ դու տարածքային պահանջ ունես։ Միգուցե Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ իր խաղաղասիրական բնույթը, բայց այս պահին նման ուղերձներ հղելը միջազգային հանրությանը հիմարություն է, քանի որ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ այստեղ կա ագրեսոր պետություն, որն Ադրբեջանն է, որին բավական մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։ Եվ այս պայմաններում Հայաստանը, որն անընդհատ տարածքներ, ազդեցություն եւ հնարավորություններ է կորցնում, փորձում է ապացուցել, որ ինքն ագրեսոր չէ։ Այսինքն՝ նույնիսկ այսքան կորուստները Հայաստանի իշխանությանը որեւէ ձեւով չեն սթափեցրել, որեւէ ձեւով իրականության դաշտ չեն բերել։ Եվ սա Ադրբեջանի համար գործելու ավելի մեծ դաշտ է ստեղծում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031