Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես խաբվել եմ». «դիզվառելիքի» գործով ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանը՝ Սերգո Կարապետյանի կողմից ուղղորդվելու մասին

Մայիս 11,2023 17:50

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանը հարցաքննում է ամբաստանյալներին: Նախորդ դատական նիստում, հիշեցնենք, դատարանը հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքը: Այսօր հարցաքննվեց Գեւորգ Հարությունյանը: Նա խնդրո առարկա ժամանակաշրջանում գյուղնախարարությունում բուսաբուծության վարչության պետի պաշտոն է զբաղեցրել:

Նա դատարանում հայտարարեց, որ հանգուցյալ նախարար Սերգո Կարապետյանն իրեն ուղղորդել է նախաքննական ցուցմունք տալուց առաջ, իսկ հաջորդ հարցաքննության ժամանակ ինքը փոխել է իր ցուցմունքը ու հավելեց, որ փոխնախարար Սամվել Գալստյանն էլ է առաջին հարցաքննության ժամանակ մի ցուցմունք տվել, հետո՝ փոխել է այն ու դա ինքը պատահականություն կամ զուգադիպություն չի համարում: Իր ու փոխնախարարի առաջին ու երկրորդ ցուցմունքները, որոնք արմատապես տարբերվում են միմյանցից, եղել են 1-2 օր տարբերությամբ:

Ամբաստանյալը կարծում է, որ եթե Սերգո Կարապետյանն իրեն թույլ տվել էր դիմել՝ ցուցմունքում ինչ-որ բան ասելու խնդրանքով, փոխնախարար Սամվել Գալստյանին միանշանակ կարող էր դիմել, քանի որ նրանց փոխհարաբերությունները դա թույլ էին տալիս:

Գեւորգ Հարությունյանի պաշտպանն ընթերցեց Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքից այն հատվածը, որը վերաբերվում էր «Ֆլեշ» ընկերության ընտրությանը ու հետաքրքրվեց, թե այդ ցուցմունքում ի՞նչը իրականությանը չէր համապատասխանում: Ամբաստանյալը պատասխանեց, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատախազն ամբաստանյալին հարցրեց՝ սուտ ցուցմո՞ւնք եք տվել: «Ես խաբվել եմ: Ես ցուցմունք եմ տվել, որն իրականությանը չէր համապատասխանում, ինչի համար ես զղջացել եմ, որից հետո գնացել եմ եւ ասել եմ, որ սխալ էր այդ տեղեկատվությունը եւ գնացել՝ հրաժարվել եմ»,-պատասխանեց ամբաստանյալը՝ հավելելով, որ Սերգո Կարապետյանին չհավատալու պատճառ չուներ ու հոգնել էր ամեն օր քննչական քաշքշուքներից՝ մտածել է՝ «հեսա՝ փողերը կտան, գործը կկարճվի, կպրծնենք»: Ամբաստանյալն ասաց, որ իր տված առաջին ցուցմունքը ինքը փորձել է տեղավորել այն տրամաբանության մեջ, որ «Սերգո Վաչագանիչը ասել է, որ ես իբր տեղյակ եմ դրանից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031