Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացը ընթացել է ՀԲ դրամաշնորհի միջոցով, որի պարտադիր պայման է եղել փաստաթղթի մշակման հանրային իրազեկման բարձր մակարդակի ապահովումը: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ «Հանքարդյունաբերության ռազմավարությունն ընդունվեց, սակայն խնդրահարույց կետերով. ինչո՞ւ» թեմայով քննարկման ընթացքում ։

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Ըստ նրանց՝ փաստաթուղթը ենթակա է ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև հանրային քննարկումների՝ համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։
«Ինչ վերաբերվում է մասնակցային ապահովմանը՝ բոլոր տեսակի կարծիքներն ընդունել-չընդունելու հետ կապված դիրքորոշումներն՝ կառավարության կայքէջում հրապարակված ամփոփաթերթերում ներկայացված են: Սա կարող եք ընդունել որպես պաշտոնական մեկնաբանություն, և դա չի ենթադրում, որ պաշտոնական մեկնաբանությունը պետք է հրապարակային հայտարարության տեսքով լինի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է հարցին, որը ձեր կողմից ներկայացվեց որպես «ապօրինի որոշման ընդունում», ես պետք է խնդրեմ իրավական գնահատականների մեջ լինենք շատ զգույշ, կխնդրեմ նման որակումներով ոչ թե արտահայտվել, այլ եթե կա նման գործելաոճ ՝ կան իրավական մարմիններ, նրանց տալ հաղորդում»,-ասաց Հարությունյան:

Հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով, թեպետ որոշակի հանրային քննարկումներ եղել են ռազմավարության մշակման ընթացքում, բայց մասնակցային ձևաչափը բավարար չէ, որպեսզի խոսվի իրական մասնակցայնության մասին, դրանք պարզապես ֆորմալ քննարկումներ են եղել:
Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ բովանդակային շուրջ 33 առաջարկություններ են արվել, որոնց մի փոքր մասն է մասնակիորեն ընդունվել, «բայց կարևորագույնները, որոնք հետագայում ոլորտում պետք է խնդիր լուծեին, որոնք պետք է ավելի պատասխանատու դարձնեին հանքարդյունաբերությունը, հանքարդյունաբերական սուբյեկտներին, որոնք պետք է ավելի մեծ վստահություն ներշնչեն դեպի հանքարդյունաբերության ոլորտը համայնքի բնակիչների մոտ՝ այդ հիմնական շրջանակը և սոցիալական արդարության կոմպոնենտներ են պարունակում ՝ ուղիղ իմաստով չի ընդունվել»:
Ի պատասխան ՀԿ ներկայացուցչի բարձրացրած հարցերի՝ փոխնախարար Հարությունյանը հավաստիացրեց, որ դրանք ներառված են գործողությունների պլանում:
Քննարկման ներկա բնապահպանները չհամաձայնելով փոխնախարարի հետ՝ ևս նշեցին, որ այս ռազմավարությունը չի բավարարում ոչ միայն մեր երկրի օրենսդրության պահանջներին, այլ նաև միջազգային կոնվենցիաներին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ է, որ Հայաստանում մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով 4 նախագիծ է շրջանառվել, ստացվել է մոտ 1000 առաջարկ, մայիսի 6-ին նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին փաստաթուղթն ընդունվել է։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































