Անցած տարի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 12․6%, որը, ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է, կազմելով 12․2%: Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում՝ էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ներդրումների մասով․ ըստ միջանկյալ տվյալների՝ անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13% է, կառավարության թիրախը եղել է 6%, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25%։ Հիմա միջանկյալ տվյալներով 21․7% է։ Հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում եմ, որ դրանք բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին, ինչն իրականացվում է»,-ասաց Քերոբյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































