Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի ՀՆԱ-ի իրական աճը 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում․ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը մեջ առաջին անգամ կազմել է 1 մլրդ դոլար․ Քերոբյան

Մայիս 30,2023 13:44

Անցած տարի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 12․6%, որը, ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում, այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է, կազմելով 12․2%: Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում՝ էկոնոմիկայի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով․ ըստ միջանկյալ տվյալների՝ անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13% է, կառավարության թիրախը եղել է 6%, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25%։ Հիմա միջանկյալ տվյալներով 21․7% է։ Հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում եմ, որ դրանք բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին, ինչն իրականացվում է»,-ասաց Քերոբյանը։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հարցին՝ վերջին երկու տարում քանի ընկերություն է ստեղծվել, որը 100-ից ավելի աշխատող ունի եւ որոնք նյութական արտադրանք են տվել, Քերոբյանը մշակող արդյունաբերությունում գործող մի քանի ընկերության անուն տվեց՝ ամենախոշորը անցյալ տարի Վանաձորում բացված «Itex» տեքստիլ ոլորտի ընկերությունն է, այս պահին ունի 775 աշխատող, մյուսը՝ Երեւանի ոսկերչական ֆաբրիկան է, բացվել է 2022-ին, ունի 146 աշխատակից, 3-րդը՝ «Slepper & Co» ընկերություն, ունի 107 աշխատակից, բացվել է 2021-ին․ «Պետք է նշել, որ այս ոլորտներում ընկերությունները բացվում են, հետո նոր են աշխատակիցներ վերցնում, որովհետեւ ցանկացած ընկերություն ունի ներդրումային փուլ, հետո նոր օպերացիոն փուլ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031