Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտպանության դիրքերից հանդես եկավ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, որ ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար 2022-ին տրված գումարը 233 մլն դրամ է կազմել։
«Պարոն Մինասյան, ես հույս եմ հայտնում, որ դուք այս կատարողականի մեջ ընդամենը սխալվել եք տողը նայելիս, եւ այն թիվը, որը դուք հնչեցրեցիք, որ Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար տրված գումարը 233 մլն դրամ է, դա ընդամենը վերեւի տողն է, ընդամենը 9 մլն է տրվել։ Եվ հույս եմ հայտնում, որ սա վրիպակ էր եւ ոչ թե հերթական անգամ ՊՈԱԿ-ի թիրախավորում»,- ասաց Լիլիթ Մինասյանը։
Նա դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկի Հարությունյանին․ «Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի բացենք փակագծերը եւ ասենք, որ անընդմեջ վիրավորելով եւ պիտակավորելով Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որոնք թվով 150-ից ավելի են, մենք նվաստացնում ենք նրանց այն աշխատանքը, որի մասին հանրությունն անգամ մեծամասամբ տեղյակ չէ»։

Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ն ու վարչապետի աշխատակազմը հիմա ինտենսիվ աշխատում են ֆեյք տեղեկությունների ու նորությունների դեմ պայքարի ռազմավարության վրա։ «Ես կարծում եմ, որ ՊՈԱԿ-ին թիրախավորելը նաեւ այս պատճառով է, որովհետեւ մեր ընդդիմախոսները մեր դեմ պայքարում են ֆեյք նորությունների միջոցով։ Մենք շատ լուրջ ու լավ մեխանիզմներ ենք հիմա փորձում ստեղծել, որ շատ օպերատիվ եւ ռազմավարությամբ սահմանված միջոցառումներով պայքարեն ֆեյք լուրերի դեմ»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։
Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Չգիտեմ ինչո՞ւ, այսպես միանգամից բռնկում եղավ իմ պարզ հարցից։ Ընդամենը պարզ հարցադրում էր։ Խնդրում եմ հրապարակեք՝ 2022 թվականի որքա՞ն է եղել ՊՈԱԿ-ի բյուջեն, ի՞նչ ծրագրեր են եղել։ Երբ դուք անուղղակի կամ ուղղակի մեղադրում եք հարց բարձրացրողներին, որ ֆեյքեր պահողները մենք ենք, մասնավորապես, ես եմ, քանի որ այսօր քննում ենք նաեւ քննչական մարմինների բյուջեն, այ այս այլանդակությունը, ֆեյքային գրոհները, հայհոյախառն գրառումները, կեղծ տեղեկություններ տարածելը, անկախ նրանից, թե որ կողմից է լինում, պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն։ Դուք փոխանակ այս քաջալերումն անեք, մեղադրում եք մյուս կողմին, թե իրենք են ֆեյքային հարձակումներն անում։ Ես կարծում եմ, որ դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի, կառավարության որեւէ անդամի վերաբերյալ քննադատական խոսք, եթե կազմակերպված գրոհի է արժանանում, նույնիսկ հայհոյախառն գրառումներով, սա նույնպես պետք է դատապարտվի։ Եվ եթե կա քրեական հանցակազմ, նույնպես պետք է բացահայտվի եւ պատասխանատվություն լինի»։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է պարզել՝ այդ ֆեյքերը որտեղից են բուսնում եւ ում են խանգարում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































