Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կնոջ մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը, Դուք չեք կարող նույնպես բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ»․ Ամրամ Մակինյանը՝ դատավոր Կարապետ Բադալյանին

Հունիս 06,2023 11:58

«Ես համոզված էի, որ հարգելի նախագահող դատավորը պետք է ինքը ինքնաբացարկ ներկայացներ, ոչ թե սկսեր գործի քննությանն անցնել։ Քանի որ նման որոշում չկայացրեց, ես եմ ներկայացնում ինքնաբացարկի միջնորդությունը»,- ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի, Սաթենիկ Սերժի Սարգսյանի, Անուշ Սերժի Մինասյանի, երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա ասաց, որ դատավորն իր վերաբերմունքով ապացուցում է այն, ինչ պետք է ներկայացնի՝ ընդգծված բացասական վերաբերմունք պատասխանողի ներկայացուցչի նկատմամբ։ Այնուհետև փաստաբանը հրապարակեց փաստեր, որոնց հիման վրա էլ հայտնում է դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը․ «Ինձ հայտնի են դարձել փաստեր, որոնք ուղղակի կասկածի տակ են դնում այս գործով դատավորի անաչառությունը։ Դուք Լուսինե Խառատյանի ամուսինն եք, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Բաց աղբյուրներից մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո։ Անաչառ դիտորդի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի, թե դատավորը երբ է որոշել և ի՞նչ կապ ունի Կարապետ Բադալյանի անաչառության հարցը նրա՝ դատավոր դառնալու մտադրության ծագման հետ։ Նախագահող դատավորի կնոջ՝ Լուսինե Խառատյանի մայրը Հրանուշ Խառատյանն է, իսկ կնոջ եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Արսեն Խառատյանը 2008-ին մեկնել է ՀՀ-ից՝ սկզբում բնակվել ԱՄՆ-ում, հետո՝ Վրաստանում մինչև 2018-ի մայիս՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալը։ Նույն բաց աղբյուրների համաձայն՝ Արսեն Խառատյանի՝ ՀՀ-ից մեկնելը կապվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ իշխանության դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։ Որպես Արսեն Խառատյանի քրոջ ամուսին՝ դատավոր Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի՝ նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար տրամադրված չլինել այդ ժամանակվա ՀՀ իշխանությունների, մասնավորապես ՀՀ նախագահ ընտրված, սույն գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանն ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուն ուղղված գործողությունների համակարգմանը։ Հիշյալ իրադարձություններից հետո Վրաստանից եկել է ՀՀ, որից հետո նշանակվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ Այսինքն՝ հիշյալն ապացուցում է, որ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ եղբայր Արսեն Խառատյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, որը ընդգծված բացասական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ»։

Ամրամ Մակինյանն, անդրադառնալով Հրանուշ Խառատյանի գործունեությանը, նշեց․ «Կարապետ Բադալյանի մերձավոր ազգական Հրանուշ Խառատյանը հրապարակային և տարիներ շարունակ նույնպես ընդգծված բացասական վերաբերմունք է դրսևորել Սերժ Սարգսյանի նկատմամբ, ավելին՝ բացասական վերաբերմունք է դրսևորել մինչև 2018-ը գոյություն ունեցող դատական համակարգի նկատմամբ և դատական համակարգի առողջացումը տեսել է դատավորների կազմի փոփոխության մեջ, ում ցանկությունը տվյալ դեպքում արտահայտվել է Կարապետ Բադալյանի՝ որպես դատավոր նշանակվելով։ Ներկայացվածն ապացուցում է, որ դատավորի կնոջ եղբայր Արսեն Խառատյանը ընդգծված բացասական վերաբերմունք ունի սույն գործով պատասխանող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, դատավորի կնոջ եղբայր Արսեն Խառատյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է, իսկ վերջինս ընդգծված բացասական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Նախագահող դատավորը բացի ընտանեկան կապից՝ նաև տնտեսական շահ ունի Արսեն Խառատյանից։ Ձեր կինը վարձատրություն է ստացել «Ալիք մեդիա Արմենիա» լրատվական ՀԿ-ից, որի իրական շահառուն Արսեն Խառատյանն է։ Նախագահող դատավորի մերձավոր ազգական Հրանուշ Խառատյանը նույնպես բացասական ընդգծված վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ, և նախագահող դատավորը՝ որպես դատավոր է նշանակվել Սերժ Սարգսյանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք ունեցող Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին»։

Ըստ Ամրամ Մակինյանի՝ ներկայացված վերլուծությունը թույլ է տալիս հիմնավորված կարծիք հայտնել, որ հանդիսանալով Հրանուշ Խառատյանի մերձավոր ազգական, «իսկ Արսեն Խառատյանը Ձեր կնոջ եղբայրն է, Դուք չեք կարող նույնպես բացասական վերաբերմունք չունենալ Սերժ Սարգսյանի նկատմամբ»։

Նա նաև հավելեց․ «Բացի այդ Դուք բացասական վերաբերմունք ունեք նաև իմ նկատմամբ, քանի որ մեկ այլ գործով ընդունած Ձեր որոշումը ես դիտարկել եմ հանցավոր և հաղորդում ներկայացրել ԱԱԾ։ Դուք իմ հիշյալ իրավունքի իրացումը գնահատել եք որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և իմ նկատմամբ դատական սանկցիա եք կիրառել, որը բացասական վերաբերմունքի արդյունք է»։

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ դատական գործի քննությունը նոր է սկսվում, ուստի իր համար ակնհայտ չէ կանխակալ վերաբերմունք դատավորի կողմից։ Ըստ նրա՝ միջնորդությունը ենթակա է մերժման։

Նախագահող դատավորն ընդմիջեց նիստը։ Տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 17։00-ի դատական նիստի ընթացքում կհայտնի դատարանի որոշումը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930