Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետրոպոլիտենը կառուցվել է 1980-ականներին եւ ունի մեծ կապիտալ ծախսերի կարիք»․ Լեւոն Հովհաննիսյան

Հունիս 06,2023 14:57
metro

«Երեւանի Մետրոպոլիտենը, քանի որ կառուցվել է 1980-ականներին, ունի բավական մեծ կապիտալ ծախսերի կարիք»,- այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, որ Մետրոպոլիտենը ծանրաբեռնված է գործում, բնակչությունը դժգոհում է։

«Ունենք ծրագիր շարժակազմը թարմացնելու եւ ավելացնելու մասով։ Նախորդ տարի օդափոխության համակարգ ենք ներդրել, գործող օդափոխության համակարգը, որը կար, կառուցվել էր 1980-ական թվականներին, ամբողջովին ժանգոտված էր եւ չէր գործում։ Վերջին ամիսների ընթացքում ուղեւորները պետք է որ մեծ տարբերությունը զգան։ Նաեւ քանի որ չէր աշխատում օդափոխության համակարգը, Երեւանի մետրոպոլիտենում օդի խոնավության աստիճանը 100 տոկոս էր, որը որոշակի առումով վտանգավոր էր սարքավորումների մասով, կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել։ Վերջին տվյալներով՝ խոնավությունը մոտ 70 տոկոս է, նորմերի մեջ է։ Կուզեմ նաեւ նշել վերջերս դրենաժային թունելի կառուցման մասով աշխատանքները։ Կարծում եմ՝ կհիշեք, ոչ վաղ անցյալում էր, Հանրապետության հրապարակ կայարանում կամ Զորավար Անդրանիկ կայարանում ջրհեղեղ էր Մետրոպոլիտենի գծերի տակ։ Դա լուրջ անվտանգային հարց էր, այս հարցը նույնպես մենք կարողացանք լուծել»,- ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ նոր տրանսպորտային համակարգի մեջ Երեւանի Մետրոպոլիտենն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, ռազմավարական օբյեկտ է։ «Եվ ուղեւորահոսքի բարձրացման մասով նույնպես աշխատանքներ տարվելու են։ Ի ուրախություն բոլորիս՝ ուղեւորահոսքի մեծ աճ կա։ Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված մենք այս տարի կավարտենք նախագծային աշխատանքները։ Դրանք ավարտելուց հետո վերջնական կհասկանանք, թե որքան գումար է մեզ պետք։ Երբ կառուցվի այդ կայարանը, ուղեւորահոսքի առումով կունենանք մեծ դրական դինամիկա»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930