Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ «Մի ժամանակ դատական ակտերը չկատարելը մոդայիկ էր դարձել եւ իշխանությունները դատական ակտ չկատարելու չելենջ էին սկսել»

Հունիս 06,2023 23:13

ԵՊՀ նախկին խոսնակ, Oragir News կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանին առաջադրված մեղադրանքի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում, որը փաստաբան Վարազդատ Հարությունյանը քրեական գործի հետ կապված մի համեմատություն արեց․ «Գեւորգ Էմին-Տերյանը շատ պատկերավոր ներկայացրեց, թե ինչպես հնարավոր չի եղել պարզել, թե այդ ինչ անձանց խումբ է, որոնց սեռական, ռասայական, էթնիկ, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ինքը կոչ է արել, գրառում է արել վառել հրապարակի տոնածառը։ Եթե չեն կարողանում պարզել այդ անձանց խումբը եւ իմ պաշտպանյալի պնդումները սխալ էին, օրինակ, տոնածառը՝ որպես գրգռման, կամ պաշտամունքի օբյեկտ, ստացվում է, որ պաշտպանության օբյեկտը այս քրեական գործով հենց տոնածառն է։ Տոնածառ, որի նկատմամբ պայմանական սպառնալիք է հնչեցրել Էմին-Տերյանը՝ ասելով եկեք վառենք։

Վերցնենք մեկ այլ գործ, որը Գեւորգ Էմին-Տերյանի հետ կապ չունի։ Մի մարդ, օրինակ Էդգար Ղազարյանը, որին ԱԺ հանձնաժողովում ուղղակի ասացին՝ մենք քեզ սպառնում ենք, պնդում ենք սա ընդունել որպես սպառնալիք, որ լեզուդ կկտրենք, ականջդ կկտրենք․․․ թվարկեցին մարմնի տարբեր մասեր։ Մենք աջակցել ենք Էդգար Ղազարյանին եւ այդ գործով հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտե։ Քրեական վարույթ նախաձեռնվել է եւ քննիչի որոշմամբ մերժվել այն պատճառաբանությամբ, որ սպառնալիքը իրական չի եղել։ Մենք բողոք ենք տարել դատախազություն՝ քննիչի որոշումը վերահսկելու կապակցությամբ ու դատախազությունը նույնպես մերժել է։

Ստացվում է, մի կողմից Գեւորգ Էմին-Տերյանի գրառումն է հրապարակի տոնածառը վառելու վերաբերյալ, որի հաջորդ օրն իսկ նախաձեռնում են քրեական հետապնդման բոլոր միջոցառումները ամենաօպերատիվ կերպով եւ պաշտպանվում են տոնածառի իրավունքները։ Մյուս կողմից մարդ է, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, որին ասում են ամեն ինչդ կկտրենք եւ պնդում են, որ դա սպառնալիք է, քննիչն ասում է, թե սպառնալիքը իրական չի եղել։ Նույնիսկ այդ անձնավորությանը՝ Արթուր Հովհաննիսյանին, չեն կանչել՝ լսել։ Գուցե, նա կասեր, որ իրոք իրական սպառնալիք է եղել եւ ցույց կտար այն դանակը, որով օրինակ, պատրաստվում էր ականջը կտրել։

Մյուս համեմատությունը՝ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպը։ Նա իր թիկնապահներին հանձնարարում է բռնել մարդու ձեռքերը եւ թքում է մարդու երեսին, Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞նց եղավ, երբ նա մարդուն հռչակել էր բարձրագույն արժեք, պատասխանում՝ է, թե Ալեն Սիմոնյանն էլ է մարդ։ Սա քրեական գործերով համեմատություն էր։ Հիմա անցնեմ քաղաքացիական գործերին, որով ես ներկայացնում եմ Գեւորգ Էմին-Տերյանի շահերը։ Երբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նրա առաջին «սուրբ գործը» Գեւորգ Էմին-Տերյանին աշխատանքից հանելն էր։ 15 օրում նրան երեք անգամ նկատողություն հայտարարեցին։ Առաջին երկուսի պարագայում պարոն Էմին-Տերյանը վիճարկում է, հայցի ապահովման միջոց է կիրառվում, որպեսզի այդ նկատողություններից բխող բացասական հետեւանքներ չտարածվեն, քանի դեռ քննություն է ընթանում։ ԵՊՀ-ն ի դեմս այդ ժամանակվա ռեկտորի ժպ Հովհաննես Հովհաննիսյանը, չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Այդ մասով հաղորդում է ներկայացվել, նախաձեռնվել է քրեական գործ, որը կարճվել է։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ մոդայիկ էր դարձել դատական ակտերը չկատարելը։ Արսեն Թորոսյանն էր չէ՞, որ հայտարարել էր, թե դատական ակտը չի կատարելու եւ ներողություն չի խնդրելու։ Իշխանությունները դատական ակտ չկատարելու չելենջ էին սկսել։

Մեզ հաջողվեց առաջին եւ երկրորդ նկատողությունների գործերով հաջողության հասնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ քաղաքացիական դատարաններում, բայց մի օր հրաշքով պարզում ենք, որ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել պատասխանող կողմի՝ ԵՊՀ-ի վճռաբեկ բողոքը։ Ու ինչպես պարզեցինք, մի շարք խախտումներով, ինչը  միանշանակ վկայում է, որ այդտեղ կա քաղաքական պատվեր»։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն էլ հավելեց, որ իրավաբանների պայքարի գործիքակազմը ասուլիսները չեն։ «Ասուլիսները լավ օրից չեն, որովհետեւ տեսնում ենք, որ իրավական հարթակներում մենք չենք հասնում արդար, ակնհայտ բարենպաստ հետեւանքներին, արդյունքին, որին առաջին հայացքից թվում է, պետք էր հասնել անխոչընդոտ։ Հիմա այն խոսքը, որ մենք ուղղում ենք, դրանք նաեւ պետական մարմիններն են։ Բոլորն էլ գիտեն ընթացակարգերը, օրենքի մեկնաբանությունները։ Բոլորն էլ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Խնդիրն այն է, որ հանրության ուշադրությունը հրավիրենք նմանատիպ խնդիրների վրա»,-ասաց նա։ Նաեւ բացատրեց 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրօր տվյալ հոդվածի իրական էությունն ու բովանդակությունը, որն ուղղված է նախ եւ առաջ՝ պաշտպանելու քաղաքական խոսքը, այն անձանց շրջանակը, որոնք իրենց ծագումնաբանությամբ, հայացքներով որոշակի ձեւով առանձնանում են մնացած հասարակությունից։ «Պետության խնդիրն էլ ապահովելն է, որ բոլոր սոցիալական խմբերն էլ նորմալ համակեցության կանոններով մի հասարակությունում գոյատեւեն։ Առաջին հերթին պետք է քաղաքական խոսքը պաշտպանվի։ Սակայն տեսնում ենք, որ այս հոդվածը կիրառվում է քաղաքական սատիրայով կամ քաղաքական քննադատություններով զբաղվող անձի նկատմամբ։ Եվ «Տոնածառի գործը», այս առումով  շատ զավեշտալի է», ասաց քրեական գործերով փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930