ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ կադրերում նկատել է, որ ՊՆ ատեստավորման գործընթացին հետեւում են նաեւ Արագածոտնի եւ Շիրակի նախկին մարզպետները:
Այսօր պատգամավորը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգավիճակով են նրանք մասնակցում այդ գործընթացին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորեց պատգամավորներին՝ ավելի ակտիվ լինել այս հարցում եւ ատեստավորման հաջորդ փուլերը դիտարկել:
Կարդացեք նաև
Պատգամավորը տարակուսեց՝ չկա՞ վարչապետի կամ նախարարի հստակ որոշում՝ հանձնաժողով ձեւավորելու մասին, հընթա՞ցս են հրավիրվում: Փոխնախարարը հստակեցրեց՝ կառավարության որոշում էլ կա, այն ապահովող աշխատանքային խումբ էլ: Նա էլ հորդորեց պատգամավորներին ակտիվ լինել եւ մյուս փուլերին մասնակցել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց եւ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Գեղամ Մանուկյանն էր ձեռնպահ:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երեւանում: Այն ենթադրում է.
– ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում,
– ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում,
– լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում,
– ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները,
– ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ չորս տարի է անցել համաձայնագրի ստորագրումից, եթե այն այդքան կարեւոր էր, ինչո՞վ էր պայմանավորված չորսամյա լռությունը: Փոխնախարարն ասաց, որ քովիդի համավարակով եւ մեր երկրում տեղի ունեցած պատերազմով, դրան հաջորդած գործընթացներով պայմանավորված, Չեխիայի խորհրդարանն այս տարի է վավերացրել համաձայնագիրը:
Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ եթե Հայաստանի համար կարեւոր էր հարցը, մենք ավելի վաղ կարող էինք վավերացնել՝ չեխերին էլ օրինակ ծառայել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































