Լույս է տեսել Գրիշա Սմբատյանի 8-րդ գիրքը՝ «Բախում են դռներն ու դարպասները» վերնագրով: Այս լուրջ, բծախնդիր աշխատանքի արդյունքում ծնված աշխատությունն ընդգրկում է 1949թ. հունիսի 13-14-ի հայերի աքսորի թեման։
«Նախ ինչո՞ւ «Բախում են դռներն ու դարպասները», որովհետեւ 1949թ. հունիսի 14-ին ժամը 4-ին ամբողջ Հայաստանում, այդ թվում մեր փոքր հայրենիքում՝ Սյունիքում, Կապանում բախեցին բոլոր դռներն ու դարպասները եւ ասացին՝ պատրաստվեք ձեզ քշում ենք անհայտ ուղղությամբ, ու մարդիկ ճանապարհին իմացան, որ Սիբիր են գնում: Այսքանը գրքի վերնագրի մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց պատմաբանը:

Հայտնաբերել եմ բոլոր կապանցիներին, գորիսեցիներին… Երբ ոմանք դեռ ողջ էին, ինձ հաջողվել է գրառել նրանց հուշերը, օգտվել եմ նաեւ արխիվային նյութերից, սակայն ինձ համար ամենաթանկը մարդու բանավոր հիշողությունն է, հատկապես որ 1949թ աքսորի վերաբերյալ արխիվային վավերագրեր գրեթե չկան:
Կարդացեք նաև
Գրքի իմաստը այսպես եմ տեսնում՝ նախ մարդկային ճակատագրեր, մեր հայրենիքի մի պատմության մասը: Ապշելու բան է մեր հայերի՝ դրսում գոյատեւելու կամքը, ունակությունը, հարմարվելը եւ նույնիսկ տեղացիներից առաջ ընկնելը: Հաճախ ասում են՝ ներսում իրար չենք սիրում, բայց դրսում իրար սիրելը, աջակցելը ուղղակի զարմացնում է: Գրքի նպատակը նաեւ այն է, որ մարդիկ կարդան ու գիտակցեն, որ պետությունը, պետականությունը բարձրագույն արժեք է, որովհետեւ եթե մի օր էլ դառնանք Միութենական պետության մաս, կարող է դուր չգանք ոմանց, մեզ լցնեն վագոնները ու տանեն Ալթայի երկրամաս…Մի խոսքով՝ բանավոր հիշողություններ են, մարդկային ճակատագրեր, սահմանային իրավիճակներ, բացառիկ լուսանկարներ՝ բոլորը Ալթայից… Իմ բոլոր գրքերը սովորության համաձայն միշտ նվիրում եմ մեկի հիշատակին, այս անգամ նվիրել եմ վթարից զոհված կնոջս հիշատակին»,-ասաց Գրիշա Սմբատյանը:


Ընդհանրապես, Գրիշա Սմբատյանի հեղինակած գրեթե բոլոր գրքերում անդրադարձ կա քաղաքական բռնությունների թեմային, իսկ «Երկաթե վարագույրից այն կողմ» գիրքն ամբողջովին նվիրված է քաղաքական բռնությունների կապանյան դեպքերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ sarc.am-ից


















































