Արդի տեխնոլոգիաների կիրառում, էներգախնայող համակարգերի տեղակայում, ենթակառուցվածքների զարգացում և սահմանապահ գյուղն ուշադրության կենտրոնում պահելու ձգտում: 2019 թվականից սահմանապահ Կողբում այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր տարիների ընթացքում չորս ծրագիր են իրականացրել այս գյուղում: Դրանց արդյունքը կարևոր է սահման պահող գյուղացու համար:

Տավուշի մարզի ամենամեծ գյուղն ամբողջությամբ լուսավորելը ֆինանսական զգալի միջոցներ և ժամանակ է պահանջում: Գյուղացու կողքին կանգնելու նպատակով տարիների գործընկերներն ընտրել են փոքրիկ ծրագրերով, բայց հետևողական ջանքերով խնդիրը լուծելու ճանապարհը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն փողոցների մի մասի լուսավորության համար 3 ծրագիր են իրականացրել: Դրանցում մասամբ իր ներդրումն է ունեցել նաև համայնքը:

«Հայրենիքը գյուղերից է սկսվում: Պետք է ավելի ուշադիր լինել գյուղերի հանդեպ: Լուսավորության արդի համակարգն անվտանգության հարց է լուծում, բարեկեցիկ կյանք է ապահովում և համայնքի միջոցներն է խնայում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մոտավորապես 15-20 % խնայողություն է արձանագրվում: Վստահ եմ, որ սահմանամերձ բոլոր գյուղերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ այդտեղ ապրող մարդիկ հողը պաշտպանելու, երկիրը չլքելու խնդիր ունեն: Պետք է այնպես անենք, որ կրթության համար մայրաքաղաք մեկնած երիտասարդն այստեղ վերադառնա», – ասել է Կողբի վարչական ղեկավար Արարատ Թամազյանը:
Կողբում գործընկերների առաջին համատեղ ծրագիրն իրականացվել է չորս տարի առաջ թիվ 1 մանկապարտեզում: 1965 թվականին կառուցված ոչ տիպային շինությունը տարիներ շարունակ ձմռանը ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Դա եղել է բարդ ու երեխաների համար ռիսկային գործընթաց: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով շենքն սկսել են ջեռուցել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ արևային ջրատաքացուցիչներով համալրված կենտրոնացված համակարգով:

Կարդացեք նաև
Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:























































