Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական իշխանությունները հրաժարվեցին անգամ խոսել հայ փախստականների մասին, ու այսօր ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չի

Հունիս 19,2023 17:31

Փախստականների միջազգային օրն է մոտենում, ինչը տեղի է տալիս բազում հակասական մտքերի ու ծանր եզրակացությունների:

Երեսուն տարիների ընթացքում հայկական իրականության մեջ գործել է հայության շահին դավադիր ընթացք: Արտաքին կառավարման մեջ ձևավորված հայկական ողջ իշխանական համակարգը, ողջ քաղաքական վերնախավը նույնիսկ արդեն 1991-ից` ՀՀ-ի «անկախացման» պահից, ընդունել են ու ապա հարմարվել Արցախյան գոյապայքարի մասին հեյդարալիևական պատկերացումների հետ: ՀՀ իշխանական համակարգի չորս բլոկներն էլ հենց այսօր ավելի շատ ալիևական են, քան նույնիսկ, ասենք, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը:

Ալիևները խոսեցին միլիոն անհայտ ծագման «ադրբեջանցի փախստականների» մասին, ու ՄԱԿ-ում գրանցեցին իրենց իսկ հորինած թիվը` 600 հազար «ադրբեջանցի փախստականների»: Իսկ հայկական իշխանությունները ոչ միայն չդիմադրեցին դրան, այլև հրաժարվեցին անգամ խոսել հայ փախստականների մասին, ու այսօր ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական չի գրանցված:

Մինչ օրս էլ հայ փախստականների մասին խոսելու իրավունքը հայկական քաղաքական իշխանությունների ու վերնախավի համար «հարյուր կողպեքի տակ» է:

Հայ փախստականների ձևավորման պատճառների ու հետևանքների շրջանցումը Հայաստանին մխրճեց թակարդի մեջ. ցեղասպանությունից փրկվելու համար Արցախի ինքնորոշման քայլը դրվեց կասկածի տակ, ցեղասպանության առաջխաղացման կանխման ընթացքում ազատագրված յոթ հայկական տարածքները ճանաչվեցին օկուպացված, ու սրանք էլ ապահովեցին Արցախի Հանրապետության դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ի ցեղասպանական ագրեսիան և այսօր նաև ՀՀ-ի դեմ իրականացվող ահաբեկչությունը:

Այսօր կրկին հիշեցնենք, որ առաջին փախստականները, որոնք ձևավորվել են 1988-ի փետրվարին Սումգայիթից, հայ փախստականներն էին: Այնուհետև, հայերը փախան 1988-ի գարուն-ամռանը ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջաններից, Շուշի քաղաքից ու Շուշիի շրջանից, հետո էլ 1988-ի նոյեմբերից` ողջ Ադրբեջանական ԽՍՀ-ի հայաբնակ տարածքներից` Գարդմանքից, Գանձակից, Բաքվից…

Հայ փախստականները ձևավորվեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերում հայության դեմ իրականացված ցեղասպանության արդյունքում, ու Արցախի ինքնորոշման քայլը ցեղասպանությունից փրկության քայլ էր: Ահա թե ինչու 1988-1992 թթ.-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հետ կատարված իրողությունները պետք է դառնային Արցախի Հանրապետության ճանաչման հիմք ու հենարան:

1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 000 հայեր փախստական դարձան, նրանցից Հայաստան մուտք գործեցին շուրջ 420 հազարը, ու միայն 361 000-ը գրանցվեցին Փախստականների հարցերի կոմիտում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատսպարվեցին շուրջ 30 000 փախստականներ, որոնց գոյությունը չճանաչեցին ոչ ՄԱԿ-ը, և ոչ էլ Կարմիր Խաչը, քանի որ հայկական պետական համապատասխան օղակների համար այս խնդիրը բացարձակ «հետաքրքրություն չէր»:

Հայերը միայն Բաքվում թողել են 110 հազար բնակարան, շատ քչերն են կարողացել փոխանակել: Գանձակում սեփական տներն ու բնակարանները` շուրջ 12 հազար տուն, հիմնականում չեն փոխանակել: Հայության նյութական կորուստների փոխհատուցման հարցը իշխանությունների համար երբևէ առաջնային չի եղել: Այսօր էլ ՀՀ-ն իրավունք ունի պետական մակարդակով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների կողմից Միջազգային դատարան ներկայացնել կոլեկտիվ դիմում` Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու նպատակով, նաև բնական պաշարների շահագործումից ստացված շահույթի բաժնեմասի դիմաց:

Իսկ առաջին «ադրբեջանցիները» հեռացել են Հայկ. ԽՍՀ-ից 1988-ի նոյեմբերի վերջերին, այնուհետև 1989-ի ընթացքում, դրա մասին վկայել են ադրբեջանական վավերագրական ֆիլմերը, նաև անձամբ Հեյդար Ալիևը: Հայկական իշխանությունները և «Ղարաբաղ» կոմիտեն կարողացան ապահովել, որ «ադրբեջանցիները» հեռանան Հայկ. ԽՍՀ-ից անվտանգ ու ապահով, առանց բռնությունների, իրողություն դարձավ խորհրդային «էթնիկ փոխանակման» գաղափարը, երբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադ/Գանձակում, Գարդմանքում սպանդից փախած հայերի բնակարաններում ու մենատներում հանգիստ, կազմակերպված տեղավորեցին Հայաստանից տեղափոխված «ադրբեջանցիներին»: Ու դեռ 1989 թվականին Հայկական իշխանությունները միակողմանիորեն 14500 «ադրբեջանական» ընտանիքների` որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարեցին 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար):

Իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 000 հայ փախստականներից և ոչ մեկը երբևէ Ադրբեջանից չի ստացել ոչ միայն փոխհատուցում, այլ այդ պետությունից փախել են մորթվելու անմիջական վտանգի տակ, ենթարկվելով տանջանքների, նսեմացման, կտտանքների…

Ըստ ՄԱԿ-ի տված բնորոշման «ադրբեջանցիները» փախստական չեն.

1.Քանի որ 1989 թվի ընթացքում Հայկ. ԽՍՀ-ից շուրջ 160 հազար «ադրբեջանցիներ» հանգիստ ու ապահով, առանց հետապնդման ենթարկվելու ու դրա հիմնավորված երկյուղը չունենալով, իրենց գույքի, ընտանի կենդանիների հետ, թողած տների ու ունեցվածքի համար փոխհատուցում ստանալով` հեռացել են:

2.1988 թվականին ԼՂԻՄ-ից հեռացան 40 հազար «ադրբեջանցիներ»` իրենց ցեղակիցների կողմից ԼՂԻՄ-ի շրջափակման, ապա և Շուշիից, Աղդամից, Խոջալուից, հարակից թրքաբնակ վայրերից ռմբահարման հետևանքով, 1992 թվականի մարտին ԼՂԻՄ-ը արդեն սովի եզրին էր:

3.ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջաններից, որտեղից ընթանում էին թրքական ռազմական հարձակումները ԼՂԻՄ-ի վրա, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից ցեղասպանությունը կանխելու գործողությունները հանգեցրին յոթ շրջանների կրակակետերի ոչնչացմանն ու այդ տարածքների ազատագրմանը, արդյունքում այդ յոթ շրջաններից հեռացան շուրջ 310 հազար կոմբատանտներ:

Ու հենց այս հեռացածների մասին են խոսել ալիևներն ու դրանց կառուցած ողջ պետական համակարգը, աշխարհին այդ կոմբատանտներին ներկայացրել են որպես փախստական ու ներքին տեղահանված: Այսօր էլ խոսում են դրանց վերադարձի մասին: Սա արդեն հաջորդ սպառնալիքն է հայության գոյությանը:

Հայկական իշխանությունները շարունակում են լուռ մնալ, հապաղում են հայ փախստականների մասին խոսել, ու վտանգ է թե լռությունը, թե հապաղելը:

Տպավորություն է, որ տարածաշրջանում հայության գոյության համար` թուրքից օր առաջ ներողություն խնդրելու պատրաստակամությունը ավելի մեծ է…

Երբ արդեն 2005 թվականից փախստականների խնդիրներով զբաղվող պետական օղակ չկա, ուրեմն մինչ օրս չկա և մշակված ռազմավարություն, չկա փախստականների ճակատագրի համար պատասխանատվության ընկալում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ցեղասպանական ագրեսիայի արդյունքում շուրջ 30 հազար հայեր հայտնվեցին ՀՀ-ում, որոնց կարգավիճակը` ըստ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, հավասարեցված է փախստականի կարգավիճակին:

Ու թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում խոսվում է փախստականների վերադարձի մասին, սակայն ըստ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիրքորոշման` չկան մշակված այն մեխանիզմները, որոնք կապահովեն փախստականների վերադարձը իրենց բնակության նախկին վայրեր: Արդյունքն ակնհայտ է. մինչև հայկական կողմը կսպասի վերադարձի մեխանիզմների մշակմանը, թուրքն` իրեն բնորոշ մակաբույծի էությամբ, փախստականի անվան տակ արդեն լցվում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ:

Այսօր Արցախի Հանրապետության` մեզ համար փրկված բեկորի տոտալ շրջափակումը, ՀՀ սահմանների երկայնքով թրքական կամայականություններն ու ահաբեկչությունը վկայում են, թե որքան հայկական քաղաքական վերնախավը, ողջ իշխանական համակարգը հեռու են հայկական հարցից, հայության դեմ անընդհատ տարվող ցեղասպանության կանխարգելման կամքից, Արցախի հարցի` որպես մեր տարածաշրջանում հայության գոյության հենարանի, միջազգայնացման ու դրա ճանաչման անհրաժեշտությունից: Հետպատերազմյան երեք տարիներն էլ ավելի բացահայտեցին թե Արցախում, թե ՀՀ-ում իշխանությունների թրքահաճ զիջողական հոգեվիճակը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Հայաստանի Հանրապետության վզից առաջին անգամ կախվեց օկուպանտի պիտակը: Մինչ օրս չկա որևէ այլ միջազգային թուղթ անգամ, որտեղ երբևէ Հայաստանին վերագրվել է նման կարգավիճակ: Սակայն, 1997 թվականի պայմանագրով ռուս-թուրքական տանդեմը` հայկական ամուլ քաղաքական իշխանական համակարգի համաձայնությամբ, ավերելով Մինսկի խմբի բանակցային գործընթացը, հասավ դրան, որ կարողացավ պիտակավորել Հայաստանին:

Այսօր Արցախի Հանրապետության ոչնչացման ընթացքի հլու-հնազանդ ընդունումը, Արցախի ոչ հայկական պատկանելության ընկալումն ու դրա քարոզը Հայաստանին կտանեն ու կդնեն ռազմատուգանքների այնպիսի բեռան տակ, որ մինչև վերջին քարն էլ տալով` Հայաստանը բացարձակ կհյուծվի: Սա է ռուս-թուրքական տանդեմի ծրագրի նախատեսված վերջնարդյունքը, իսկ ծրագրի իրականացումը «վստահված է» հայկական քաղաքական վերնախավին:

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյան

18.06.2023

Նկարը՝ Dilakian Brothers ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930