Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստորագրեցի փաստաթուղթ, որն ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ». Փաշինյան

Հունիս 20,2023 13:23

Տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին: Նա պատմեց, թե ինչու չի կարողացել նոյեմբերի 9-ից շուտ դադարեցնել պատերազմը եւ հրադադարի պայմանագիր կնքել, ինչպես նաեւ մանրամասն ներկայացրեց հրադադարի պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները. «Ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին եւ խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»:

Նա պատմեց, որ լուր է ստացել, թե ադրբեջանցիների մի խումբ ճեղքել է պաշտպանությունը և, ըստ էության, փակել Ստեփանակերտ-Լաչին ճանապարհը, ԳՇ-ն չի հաստատել դա. «Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը: Սա պատերազմի ընթացքում մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում հաստատել, որ ԼՂ նախագահի տված լուրն էր ճիշտ: Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Լաչինի ճանապարհի վրա: Ահագնացող լուրեր էին գալիս: Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, այդպես շարունակ: Ի վերջո` կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյաննը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետեւ իմ բոլոր հրահանգներում ասել էի, որ Շուշին պետք է պահվի եւ ստացել էի հավաստիացում, որ կպահվի»:

Հետո Փաշինյանին զեկուցել են հակագործողությունների մասին, թե օպերացիան հաջող է ընթանում, մենք Շուշիի ներսում ենք: Նա ասաց, որ Շուշիի անկման վերաբերյալ քրգործեր կան ու մանրամասն պարզաբանումներ պիտի տան. «Եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո նոյեմբերի 10-ի հարձակումը կառավարության վրա, հետո, երբ ես վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք: Եռակողմ հայտարարության ստորագրման շուրջ բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 6-ին՝ բուն հայտարարության տեքստի։ Ես համաձայնվեցի այդ թեմայով բանակցություններ սկսել՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին եւ ՀՀ տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաեւ առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանը հսկողության տակ էր։ Սա էր մեկնարկը: Նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլեւս չենք կարող։ ԼՂ նախագահն ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, եւ կար հավանականություն, որ ադրբեջանցիները գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ, շարունակելով դեպի Ասկերան, եւ այդտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ պաշտպանական շրջաններին ու թիկունքից մտնելով Հաթերք, Սոթք հատված։ Բանակցությունները վարում էի ՌԴ նախագահի միջոցով։ Նոյեմբերի 7-8-ին ունեցել եմ նրա հետ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն: Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձեւը, եւ ի վերջո քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ եւ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի այդ հայտարարությունը։ Պարզվեց Ադրբեջանը չի ստորագրում եւ առաջ է քաշում նոր պահանջներ։

Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլեւս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։

Զուգահեռ կեսգիշերին լուրեր ստացվեցին մարտական գործողությունների ակտիվացման եւ այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո, բարդ, տեւական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակն էր, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930