«Այսօրվա իշխանությունները գործում են եւ որոշումներ են ընդունում՝ իրավիճակին ոչ համահունչ: Այսօր շատ դժվար իրավիճակում է գտնվում ՀՀ-ն ու առավել եւս Արցախը: ՀՀ իշխանությունները նաեւ շեղող գործողություններ են իրականացնում: Իրենց վերաբերմունքը թե՛ գործադիրում, թե՛ ԱԺ-ում ցույց է տալիս, որ անտարբեր են Արցախի նկատմամբ»,- Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովի նիստերը պետք է փակ անցկացվեին, իսկ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսն է տալիս. «Սա խոսում է այն մասին, որ ավելի բարձր դիրք է իրեն վերապահում, երկրորդը՝ քննիչ հանձնաժողովի իր հրապարակային խոսքը ոչնչով չի տարբերվում իր ասուլիսներից, հայտարարություններից, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից եւ դրանց ընթացքում իր շեղող մանիպուլյացիաներից: Իրենք շեղելու են մեր հանրությանը, իրենք հիմք են նախապատրաստում՝ հերթական անգամ կուլ գնալու թուրք-ադրբեջանական տանդեմի խորամանկությանը:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինքը խոսում է մանիպուլյացիաներից, պատերազմի ժամանակ իրենց կատարած գործողություններից, միանշանակ է, որ ինքը բանակցային գործընթացի ամբողջ ներուժը, հավաքած ամբողջ պարունակությունը զրոյացրել է, սկսել է իր զրոյական կետից, որը բերել է պատերազմական գործողությունների: Ադրբեջանը, օգտվելով դրանից, գնացել է մարտական գործողությունների, իսկ ինքը ոչինչ չի արել պատերազմական գործողությունների ընթացքում մեր երկիրը համախմբելու, մոբիլիզացնելու, բանակին թիկունք կանգնելու: Իրավական համակարգը, դատաիրավական համակարգը, ուժային կառույցները ոչինչ չեն արել՝ պատերազմի դաշտում կարգուկանոն, օրինականություն հաստատելու, բայց պատերազմից հետո հանգամանքները դեռ չքննած՝ տեսեք ովքեր են գեներալական եւ դրանց հավասար դասային աստիճաններ ստացել՝ միայն ու միայն իրավական եւ դատաիրավական ոլորտի մարդիկ»:
Ըստ Սեյրան Օհանյանի, չի կարող այս հանձնաժողովը ճիշտ գնահատական տա, որովհետեւ իրենք մեծամասնություն են եւ իրենք իրենց երգն են երգելու, իրենց կուրծքն են ծեծելու. «Նիկոլ Փաշինյանի այս շոուն հերթական մանիպուլյացիաներն են՝ հանրությանը շեղելու իրական օրակարգերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ






















































