Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ապօրինի թմրանյութերի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգով ոստիկանության ծառայողները մուտք են գործել «Բան» ակումբ, 37 անձ տարվել է ոստիկանություն, որոշ ժամանակ անց նրանցից 34-ը ազատ են արձակվել։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ 3 անձ ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (թմրամիջոց իրացնել)։ Մեկ անձի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցի խոշոր չափերի իրացում): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Իրավապաշտպանի տեղեկություններին, թե իրավապահները ակումբում երիտասարդների են նվաստացրել ու բռնության ենթարկել, Քննչական կոմիտեից այսպես արձագանքեցին, որ Քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության կողմից բռնությունների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: