Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին». մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է ԱՄՆ դեսպանին

Հուլիս 10,2023 17:19

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․ «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Պարոն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։

Մարզպետը կարևորել է հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։

«Տիկին դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,-նշել է մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31