Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակեց ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով որոշում։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է Խաչատուրովի գործով դատավարությունը կասեցնել, քանի որ դատարանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ մի շարք հարցեր պարզաբանելու հիմնավորմամբ։ Այս մասին Aravot․am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։ Թե ինչո՞ւ է դատարանը որոշել դիմել ՍԴ, փաստաբանը չգիտի, ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, ուստի չի կարող մեկնաբանել։
Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանների բողոքն այսօր չի քննարկվել, այն, ըստ էության, չի քննարկվելու մինչեւ ՍԴ որոշումը։
Դատական նախորդ նիստում հայտարարվել էր, որ Խաչատուրովի կալանքը փոփոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատարանը որոշումը պետք է այսօր հրապարակեր։
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար՝ 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: