Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ խոշտանգելուց հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը․ Արտակ Գալստյանի բաց նամակը  Փաշինյանին

Հուլիս 12,2023 14:34

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը «Հրապարակի» միջոցով փոխանցել է իր բաց նամակը.

Պարոն Փաշինյան, սահմանադրության օրվա առթիվ Ձեր ուղերձում ի թիվս այլոց նշել եք, որ այլևս ՀՀ-ում անմեղ մարդիկ չեն ձերբակալվում, չեն կալանավորվում և չեն դատապարտվում։

Եթե դա այդպես է, ապա՝

-Ինչո՞ւ եմ ես քաղաքական հայացքների համար, առանց որևիցե հիմքի, ընդամենը մեկ հոգու, որևիցե փաստով չհիմնավորված ցուցմունքով կալանքի տակ։

– Ինչո՞ւ է ինձանից ցանկալի ցուցմունք կորզելու համար, Արգիշտ Քյարամյանը կալանավորել իմ որդուն, կնոջս, փաստաբանիս, հետախուզում է հայտարարել հարսիս և սպառնում է խոշտանգել կամ սպանել նրանց։

-Ինչո՞ւ է քննչական կոմիտեն առանց դատարանի որոշման՝ գիշերով, գաղտագողի խուզարկում մեր գրասենյակը, իսկ այնուհետ կնքում այն՝ փաստացի դադարեցնելով կուսակցության գործունեությունը, սա էլ այն դեպքում երբ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցնել միայն ՍԴ-ն։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն դռները ջարդելով խուզարկում եղբորս, հարևանիս, կնոջս բնակարանները և վերջում դրանք կնքելով փաստացի զրկում է սեփականատերերին դրանցից օգտվելու սահմանադրական իրավունքից։

-Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն, առանց դատարանի թույլտվության առգրավում ընտանիքիս ավտոմեքենաները, տան ամբողջ գումարը, ոսկեղենը՝ թողնելով ընտանիքս առանց ապրուստի միջոցի։ Պրն Փաշինյան, այդ ինչպե՞ս է լինում, որ որդիս Քննչական կոմիտեի հետախուզման արդյունքում Վրաստանում ձերբակալվում է մայիսի 27-ին, իսկ նրա նկատմամբ պաշտոնական հետախուզումը հայտարարվում է միայն հունիսի 8-ին։ Հարցումների պատասխաններն առկա են։

-Եթե ՀՀ ում այլևս չեն խոշտանգում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ չորս օր խոշտանգվել եմ ես Արգիշտ Քյարամյանի ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից։ Ի դեպ, ինձ խոշտանգելուց  երկուսն էլ հայտարարում էին, որ կատարում են Ձեր ցուցումը և ձեզանից ստացել են ընդհուպ սպանության մանդատ, ընդ որում առանց սահմանափակման։

Պրն Փաշինյան, որտե՞ղ եք տեսել ժողովրդական երկիր, որտեղ Քննչական կոմիտեի նախագահը և ՔԿ Երևան քաղաքի վարչության պետը, երկրի ղեկավարի անունից խոշտանգեն մի ամբողջ կուսակցության խորհրդի անդամների և համակիրներին, հարվածեն էլեկտրաշոկերով, փորձեն դուրս շպրտել պատուհանից, սպառնան նռնակ նետել նրանց ընտանիքների վրա և ֆիզիկապես ոչնչացնեն նրանց։

Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարական երկիր, երբ ընդամենը ՔԿ նախագահ հանդիսացող անձը կալանավորի մոտ հայտարարում է, որ երկրի տերը ինքն է և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում Գլխավոր Դատախազի, ԱԱԾ պետի և Ոստիկանապետի հասցեին սպառնալով, որ նրանք, եթե իր ասածը չանեն, ապա կհեռացնի աշխատանքից ու կոչնչացնի։ Ի դեպ Արգիշտի Քյարամյանի, Ազատ Գևորգյանի և ՔԿ այլ աշխատակիցների կողմից անմարդկային կերպով խոշտանգվել են Արման Մկրտումյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Հայկ Խաչատրյանը Անդրանիկ Անադալյանը, ես և կուսակցության ևս 10-15 անդամներ և այդ բոլորը Երևան քաղաքի Քննչական վարչությունում, անձամբ ՔԿ նախագահի կողմից և ըստ նրա՝ Ձեր անունից։ Գտնում եմ, որ Արգիշտ Քյարամյանի զրպարտության իրական լինելը պարզելու համար պետք է վերը նշված անձանց հաղորդումներին և իմ ներկայացրածին տրվի օբյեկտիվ գնահատական, արդար քննության արդյունքում։ Պետք է ՔԿ ում մեր վերաբերյալ գործերը տեղափոխվեն այլ քննչական վարույթ, պարզելու համար մեղադրանքները շինծու են, թե ոչ։

Իսկ ամենակարևորը՝ Արգիշտ Քյարամյանի կողմից խոշտանգված անձի գործը չի կարող քննել վերջինիս ղեկավարած հիմնարկը։

Պրն Փաշինյան, եթե չապահովվի վերը նշվածը, օբյեկտիվ չքննվի այս գործերը, ապա մինիմում 15 հոգի վստահ է լինելու, որ իրենց քաղաքական հայացքների համար խոշտանգվել են Ձեր ցուցումով, նրանց ընտանիքներին փորձել են սպանել, իսկ երեխաներին բռնաբարել Ձեր ցուցումով։ Այդպիսի զարգացումը կնշանակի Ձեր հայտարարած ժողովրդավարական բաստիոնի անկումը և երկրում տոտալ բռնատիրական համակարգի ստեղծումը։ Պրն Փաշինյան, դուք ինքներդ անմեղ դատապարտվել եք, կալանքի ժամանակ խոշտանգվել եք, ով-ով՝ դուք պետք է հասկանաք, թե դա ինչ կործանարար ճանապարհ է երկրի համար։

Հուսամ կհասնենք մեր գործի արդարացի քննությանը Ձեր հայտարարած ժողովրդավարական երկրում։

Հ.Գ. Վստահ եմ, որ ստահակների խումբը կրկին փորձելու է խոշտանգել ինձ, իմ ընտանիքի անդամներին  և մտերիմներին, ուղղակի ինձ հետաքրքիր է, թե դա կրկին անելու են երկրի ղեկավարի անունից, դատախազության, ԱԱԾ-ի դատարանների լուռ օժանդակությամբ, թե՞ Արգիշտ Քյարամյանը կվերահաստատի, որ երկրի տերը իրականում ինքն է և ինքն է որոշում՝ ում սպանել և ում թողնել, որ ապրի։
Աստված պահապան հայ ժողովրդին։

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ՝ Արտակ Գալստյան 
07.07.2023
թ 
«Նուբարաշեն» ՔԿՀ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այս ամենից հետո, միթե՞ վարչապետը միջոցներ չի ձեռնարկի, իր անունը կեղտից մաքրելու համար, ես հավատում էմ վարչապետիս ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31