Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մենք, կամ փրկվելու ենք, կամ կորցնելու ենք Արցախը, երբ դու շրջափակման մեջ ես՝ պետք է ամեն քայլդ հաշվի առնես. Ռուբեն Վարդանյան

Հուլիս 12,2023 20:35

Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ ինչ որ բաներ կան, որոնք մենք չգիտենք, բայց ես չեմ հասկանում, չեմ ընդունում և չեմ համակերպվելու այն մոտեցման հետ, որ Հայաստանի և Արցախի հարաբերությունները օգտագործվել են մարդկանց ուղեղները մտցնելու այն միտքը, թե իբր Արցախը գլխացավանք է: Այս մասին, այսօր ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ռադիո «Ավրորայի» ուղիղ եթերում:

Արդյո՞ք մեր զույգ հանրապետությունների ղեկավարությունները պատրաստ են երկարատև պայքարի, քանի որ հասկանալի չէ նրանց դիրքորոշումը՝ վարողի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանը նշեց. «Ցավոք, ճիշտ եք, ինձ համար անընդունելի էր այն, ինչ սկսվեց Հայաստանում, օրինակ, օրերս, հեռուստաալիքներից մեկում Արցախ բառն ընդհանրապես հանեցին ու գրեցին Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չնշեցին: Կամ, երբ ասացին, թե իբր Արարատ լեռը մերը չէ ու մենք իրավունք չունենք գերբի վրա կրել, երբ ասվեց, թե իբր բոլոր հայ կանայք դժբախտ են, իսկ բոլոր տղամարդիկ՝ դասալիքներ: Կամ, երբ ասում են, թե իբր Արցախը գլխացավանք է՝ Արցախը կդառնա Գլենդել ու Ջավախք: Ցավոք, այսօրվա իշխող ուժը շատ վտանգավոր մտքեր, գաղափարներ ու քայլեր է անում, որոնք ոչ միայն մարդկանց մոտ անտարբերություն են առաջացնում, այլ նաև կորցնում ենք մեր ազգային արժեքները: Սա շատ վտանգավոր է, որ պետք է կասեցվի, որովհետև մենք կարող ենք պարտվել, կյանքը հաջողությունների և անհաջողությունների շղթա է, բայց չպետք է թույլ տանք ոտնահարել մեր ազգային արժանապատվությունն ու սկզբունքներդ» :

Նա կարծում է, որ Արցախում լինելու փաստը թուլ է տալիս իրեն կոշտ գնահատականներ տալ, ուղիղ դիրքորոշում արտահայտել Հայաստանի և Արցախի հարաբերությունների մասին: «Մյուս կողմից, իրենց մոտ ինչ որ բաներ կան, որոնք մենք չգիտենք, բայց ես չեմ հասկանում, չեմ ընդունում և չեմ համակերպվելու այն մոտեցման հետ, որ Հայաստանի և Արցախի հարաբերությունները օգտագործվել են մարդկանց ուղեղները մտցնելու այն միտքը, թե իբր Արցախը գլխացավանք է, թե իբր Արցախը մերը չէ: Ցավոք, դա արվել է ու կարծեք, թե՝ հասկանալով է արվել: Ես չեմ տեսնում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը գիտակցում է պատասխանատվությունը ողջ ազգի նկատմամբ, այո, նրանք ընտրվել են Հայաստանում, բայց պատասխանատու են աշխարհի 10 միլիոն հայության առջև: Հայկական պետություն, հայկական մտածելակերպ, հայ լինելը՝ շատ կարևոր է, որը հիմա շատ նրբորեն ու հետևողականորեն քանդվում է՝ բոլոր ուղղություններով»:

Անդրադառնալով, Արցախի հիմնախնդրի ուղղությամբ նախկին ու ներկա իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ հարցին՝ Ռուբեն Վարդանյանը շրջափակված Արցախի ներկայիս վիճակը համեմատեց Սարդարապատի ճակատամարտի հետ և ընդգծեց, որ այսօր պետք է բոլոր ուղղություններով պայքար մղել այս ճակատամարտը հաղթելու համար, որից հետո անդրադառնալ այլ հարցերի: «Ես միշտ ասել եմ, որ մենք կորցնում ենք վերջին հայկական հիմքերից մեկը, պետք չէ հետ նայել, այսօր մենք, կամ փրկվելու ենք, կամ կորցնելու ենք Արցախը, երբ դու շրջափակման մեջ ես, պետք է ամեն քայլդ հաշվի առնես, եթե դա օգնում է, պետք է կատարել, եթե, ոչ՝ հրաժարվել: Այս խրամատում, և դատախազը, և բանտարկյալը՝ միևնույն խրամատում են, այսինքն, թե նախկին, թե՝ ներկա ղեկավարները միևնույն խրամատում են: Շրջափակման մեջ գտնվող Արցախում, հնարավոր է մի 10-20 հոգի ինչ որ ձևերով փախչի, բայց 120 000 մարդ միևնույն նավի մեջ ենք»,-ասաց նա՝ հավելելով,- «Եթե նախկինում, Հայաստանի իշխանությունն Արցախի անվտանգության երաշխավորն էր, հիմա պարզ չէ Հայաստանի և Արցախի կառավարությունների հարաբերություններն ինչպիսին են՝ գործընկերայի՞ն են, թե՞ Հայաստանն Արցախի երաշխավորն է, թե՞ խորհրդատուն: Այս կիսաանորոշությունը բերել է լուրջ խնդիրների, սրանք ոչ անկեղծ ու ոչ պարզ հարաբերություններ են» :

Նա կարծում է, որ այս ճգնաժամը շատ լավ առիթ է մաքրվելու համար: «Ես վստահ եմ, որ մենք որպես ազգ, եթե այս ժամանակաշրջանը հաղթահարենք, ամեն ինչ հաղթահարելու ենք: Վեց տարի, 1988-1994թթ.մ Արցախը շրջափակման մեջ է եղել , ոչ թե 6 ամիս, այլ 6 տարի,մարդիկ ամենասարսափելի վիճակների մասին են պատմում, այնպես չի, որ արցախցին առաջին անգամ է այս ճգնաժամային վիճակում, պարզապես այն ժամանակ անարդարության զգացողությունն այսպես սրված չէր: Մենք 6 տարվա պայքարի փորձ ենք ունեցել, կարծում եք չե՞նք հաղթահարի այս դժվարությունը»,-եզրափակեց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31