Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան, օրակարգում ԱԺ խմբակցությունների ներկայացրած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձն է։ «ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ» ուղերձը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը (լուսանկարում)։ Այս ուղերձով Արցախի Ազգային ժողովը բարձրացնում է նաեւ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տրամադրելու հարցը։
Պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը հարց ուղղեց Մարսել Պետրոսյանին։ «Ռուսաստանն այսօր Արեւմուտքի հետ լուրջ հակասության մեջ է՝ ուկրաինական ճակատում եւ ոչ միայն։ Խնդրում եմ քննարկենք՝ երբ մենք դիմում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ակնկալիք ունե՞նք, որ Հայաստանը կարող է հասնել նրան, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին տրվի ՄԱԿ-ի մանդատ։ Կարո՞ղ է ՄԱԿ-ը հարմար գտնի այլ զորախմբի օժտել այդ մանդատով ու ուղարկել։ Այդ պարագայում ի՞նչ ջանք պիտի կարողանա դնել ՀՀ-ն, որպեսզի ռուս խաղաղապահների համար կարողանա ՄԱԿ-ի անվտանգության մանդատի շնորհման հարցը կարգավորել։ Գուցե միանգամից ՄԱԿ-ին դիմենք, իրենք որոշեն՝ ելնելով այն հանգամանքից, որ բավական լուրջ հակամարտություն կա ՌԴ եւ աշխարհի միջեւ։ Եվ մեր խնդիրն այսօր Արցախի անվտանգությունն է»,- հարցրեց պատգամավորը։
Մարսել Պետրոսյանն ասաց, որ ՄԱԿ-ի մանդատը տրվում է անվտանգության խորհրդի գլխավոր ասամբլեայի համատեղ որոշմամբ։ «Խնդիրն այն է, որ այսօր մենք տեղյակ ենք, որ ինչ-ինչ բանակցային գործընթացներ են ընթանում գերտերությունների, այսպես ասած, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների միջեւ։ Չի բացառվում, որ կարողանան ընդհանուր հայտարարի գալ այդ հարցում։ Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ ուժերին միջազգային մանդատ տրամադրելու հարցին, բոլոր դեպքերում դա մենք չենք որոշում, մենք ընդամենը ներկայացնում ենք առաջարկություն, որը թերեւս ամենաօպտիմալն է, եւ մենք հավատում ենք միջազգային հանրության ողջախոհությանը։ Կարծում ենք՝ նրանք ճիշտ մոտեցում կցուցաբերեն այս հարցում»,- ասաց Մարսել Պետրոսյանը։

Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































