Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանական ուխտի օրը

Հուլիս 24,2023 20:30

Պատմական հարուստ անցյալով նշանավորված Գանձա գյուղը փռված է Փարվանա լճի հարավային ափին: Շրջկենտրոն Նինոձմինդայից հեռու է 22 կիլոմետր:

Գյուղի բնակիչների մեծ մասը գաղթել են հազար ութհարյուրականների սկզբին Էրզրումի վիլայեթի Կրճնկոց գյուղից:

Տեղացիները հետաքրքիր առասպել պատմեցին գյուղի անվան հետ կապված, որը լսել էին իրենց պապերից, նրանք էլ` նախապապերից. «Գաղթականները, երբ սայլերով անցել են Թափարվան գետի միջով, սայլի անիվներին փաթաթվել ու ջրի երես են դուրս եկել բազմաթիվ ձկներ: Հուսախաբ գաղթականներն այդ տեսնելով`զարմացել են շատ` գոչելով` գանձ ա, գանձ ա: Եվ հենց այդ ամայի ու ցրտաշունչ վայրում էլ ընտրել են իրենց նոր բնակատեղին»:

Իսկապես գեղեցիկ է Գանձան հատկապես ամառային պայծառ ու ջերմ օրերին, երբ գյուղի հանդ ու դաշտ զուգվում է ալպյան խոտ ու ծաղկով: Երբ բանտված անասունները տարվա մեջ մի քանի ամիս դուրս գալով` իրենց կենարար ու անարատ կաթով հարստացնում են տեղացիների յուղ ու պանրի պահոցները, երբ մեղուները ծաղկից ծաղիկ թռչելով`տարածաշրջանում տարբերվող ու յուրահատուկ մեղրի հումքն են ամբարում: Սառնորակ աղբյուր-առվակներն ավելի գլգլան ու կայտառ են դառնում, Փարվանա և Սաղամո լճերի ջուրն ավելի զուլալ է դառնում, նրանց բնիկ ռյաբուշկա (լոսդի) ձուկն իր համային յուրահատկությամբ հյուրերին զարմացնելու շնորհ է մատուցում:

Գանձայի բնակիչների համար չտեսնված պատիվ է Վահան Տերյանի համագյուղացին լինելը: Սա իսկական հպարտություն է, պարծանք, ինչի առհավատչյան 1967 թվականից սկսած` «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառման կազմակերպումն է, ինչը տեղացիները կոչում են «Տերյանի ուխտի օր»:

Որոշված է այն նշել հուլիս ամսվա վերջին կիրակի օրը:

Եվ հենց այդ օրը Գանձան դառնում է բազմամարդ: Քաղաքական, մշակութային բազմաթիվ հյուրեր են ժամանում Հայաստանից, Վրաստանից և այլ վայրերից: Սա հատկապես այլ երկրներում ու քաղաքներում ապրող տեղացիների համար գյուղ այցելելու, տոնախմբությանը մասնակցելու սպասված ու հաճելի առիթ է դառնում:

Հյուրընկալները տոնը նշելու համար ընտրել են մի ազատ ու կանաչապատ դաշտավայր:

Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն այցելում են բանաստեղծի տուն-թանգարան և թանգարանի հարակից ցուցասրահ, որը վերանորոգվել է վերջերս`2021 թվականին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից:

Նորաբաց ցուցասրահը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Եռաշերտ ցուցադրության, շարժվող պատկերների ու գեղեցիկ դիզայնի շնորհիվ Տերյանն այստեղ ներկայացված է նորովի:

Ցուցադրվող նյութերը պատմում են բանաստեղծի մանկության, ուսանողական տարիների, Թումանյանի և Իսահակյանի հետ ունեցած հանդիպումների, գիտական, հասարակական, քաղաքական գործունեության, ինչպես նաև օրենբուրգյան օրերի մասին:

Տերյանի հայրական տունը պահպանվել է իր նախկին տեսքով: Այս տանը բանաստեղծն անցկացրել է իր մանկության, պատանեկության տարիները, արձակուրդային օրերը, երբ ուսանում էր Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում:

Տունը պահպանվել է նախկին տեսքով: Այստեղ ցուցադրվում են կենցաղային և գյուղատնտեսական իրեր` կահ-կարասի, հացահատիկի ու ալյուրի ամբարներ, հացը թխելու պարագաներ, լուսանկարներ…

Սենյակներից մեկում դրված է բանաստեղծի օրորոցը, հյուրասենյակում պահպանվել են նաև փայտե երկու մահճակալներ:

1901 թ. Թումանյանն այցելում է Գանձա և հյուրընկալվում Տեր Սուքիասի օջախում։ Նա եկել էր տեսնելու Փարվանա լիճը, քանի որ արդեն լսել էր Փարվանայի լեգենդի մասին:

Հետվերադարձի ճանապարհին Թումանյանը երկար լռում է, իսկ տուն հասնելով` անմիջապես առանձնանում է հյուրասենյակում: Եվ միայն երեկոյան դուրս գալով կարդում է  «Փարվանայի» առաջաբանը.

Բարձրագահ Աբուլ ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր`

Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Տեղացիները հպարտորեն նշում են, որ Թումանյանի նշած «ուրիշ աշխարհը» հենց իրենց  խորախորհուրդ ու եդեմական Գանձան է:

 

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

մանկավարժ, արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31