Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները

Օգոստոս 11,2023 17:02 Share

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։

2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։

Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ:
Ավելի ուշ՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ մարտական դիրքում գտնվող զինծառայողներ։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում օգոստոսի 11-ին Ժ․ Կարապետյանին մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է վերջինիս համածառայակից, ժամկետային երկու զինծառայող։

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու և դրան առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031