«Այսպես էլ ապրում ենք անվտանգության տարրական երաշխիքներից զուրկ»,- «Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նա հիշեցրեց՝ այսօր լրանում է Սուրմալուի աղետի տարելիցը․ «Մենք կորցրեցինք 16 մեր հայրենակիցների, ունենք անհետ կորածներ։ Այսօր ավտոճանապարհային պատահարի հետևանքով մենք կորցրինք 11 հայրենակիցների։ Ցավակցում եմ հարազատներին։ Երեկ քաղաքապետարանին կից այգում այրվում էր մանկական կարուսել, բարեբախտաբար զոհեր չկան։ Անցած օրը փլուզվեց պատ, որն ընկավ մետրոյի վրա։ Պարբերաբար տեղի են ունենում ավտոճանապարհային պատահարներ զոհերով»։

Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ եթե դիմակայուն դարձնենք քաղաքները, կունենանք չեզոքացված կամ նվազեցված ռիսկեր արհավիրքների աղետների առնչությամբ․ «Մեր քաղաքը լինելու է դիմակայուն։ Ի՞նչ ենք հասկանում դիմակայուն քաղաք ասելով։ Սա այն քաղաքն է, որտեղ կանխարգելված են աղետները և վտանգները հասցվում են նվազագույնի կամ չեզոքացվում են, որտեղ տեղի չեն ունենում ապօրինի շինարարություններ, որտեղ պահպանվում են շինարարական նորմերը»։
Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետի թեկնածուն ասաց՝ մեր Երևանը լինելու է հարատև քաղաք, իսկ որպեսզի այն լինի հարատև քաղաք, պարտավոր ենք այդ ռիսկերը նվազեցնել գրագետ կառավարման միջոցով ու եզրափակեց․ «Մեզ համար մարդկային կյանքը և մեր քաղաքի անվտանգությունն առաջնահերթություն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































