Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից հրաժարվելիս պետք է քայլերը հաշվարկված լինեն, երբ որ թռնում ես մի կետից, պետք է հաշվարկես՝ ուր ես թռնում, դու ունե՞ս տեղ, որտեղ ոտքդ կարող ես դնել». Ապիտոնյան

Օգոստոս 20,2023 14:10

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո շատ ենք լսում մեկնաբանություններ, որ ա՛յ, քանի որ մեր բարեկամ Ռուսաստանը պրոադրբեջանական թեզը առաջ տարավ, խոսեց Ակնա-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի գործարկման մասին, հետեւաբար մենք ՌԴ-ին պիտի ասենք՝ բա դու ի՞նչ գործ ունես Արցախում, գնա՛: Ավելին՝ որոշ գործիչներից լսում ենք տեսակետներ, որ եթե թուրք-ադրբեջանա-ռուսական  դաշինքը կա, մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք ՌԴ-ի «բրոքերությունից» եւ ուղիղ սկսենք համագործակցել Ադրբեջանի հետ, Արեւմուտքը այդպես ավելի շուտ կհասկանա մեզ, հակառակ դեպքում սպասվում է, որ Վաշինգտոնը, Բրյուսելը քիչ-քիչ մեզ այլեւս «բանի տեղ չեն դնի»:

Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդմանը Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արտակ Ապիտոնյանն ասաց. «Նախ, ՌԴ-ի դերի հետ կապված մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՌԴ-ն ոչ միայն Հայաստանի դաշնակիցն է, այլեւ արդեն Ադրբեջանի դաշնակիցն է, հետեւաբար մտածել մինչպատերազմական ստերեոտիպերով կարծում եմ սխալ է: Մյուս կողմից՝ ՌԴ-ն չի գնալու այս ռեգիոնից: Շատ միամիտ է կարծել, որ Ռուսաստանը այս տարածաշրջանից գնում է: ՌԴ-ն այսօր ներկայություն չունի Վրաստանում, բայց գնացե՞լ է Վրաստանից, իհարկե, ոչ: Նույն կերպ շարունակելու է մնալ: Այսինքն, պետք չի ընկնել ծայրահեղ սկզբունքայնության հետեւից: Պետք է լինել շատ պրագմատիկ: Մյուս կողմից նաեւ պետք է լինել պահանջատեր։ Այսինքն, պրագմատիկը չի նշանակում, որ պետք է միայն զիջումներ անել՝ սպասելով [փոխադարձ զիջումների], այլ պետք է հարաբերություններում պահանջատեր լինել, հստակ դնել սկզբունքներ, օգտագործել նաեւ բոլոր հնարավոր լծակները: Դա վերաբերում է թե՛ ՌԴ-ի հետ, թե՛ Արեւմուտքի հետ հարաբերություններին՝ պետք է օգտագործել հնարավոր բոլոր լծակները: Մեզ մոտ տպավորություն է, որ եթե ճիշտ խնդրենք, մեզ կտան: Այդպես չի: Չի կարող նման բան լինել:

Երկրորդ ամենակարեւոր փաստը՝ ՌԴ-ն որոշակիորեն մտել է Արցախ եւ ենթադրում եմ, այդքան հեշտ դուրս չի գալու Արցախից: ՌԴ-ի մտնելը Արցախ չէր կարող տեղի ունենալ առանց Արեւմուտքի գլխավոր պետությունների հետ ընդհանուր ձեւավորված համաձայնության: Ովքեր տեղյակ են միջազգային հարաբերություններում ընդհանուր խորքային զարգացումներին, գիտեն, որ նույնիսկ ամենակոնֆլիկտային երկրները սովորաբար միմյանց մեսիջներ են փոխանցում եւ աշխատում են միմյանց հետ շատ ավելի սինխրոնացված, քան երեւում է հանրությանը: Հանրային մակարդակում նույնիսկ ընդհարումներ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ մեսիջները չեն գնում-գալիս: Եվ այս կոնտեքստում ակնկալել, որ մենք ինչ-որ բան կարող ենք անել, որը կփոխի, ասենք, ՌԴ-ին կարող է հանի ռեգիոնից եւ այլն, իրականում մենք կարող է ավելի վտանգենք մեր դիրքերը, եթե փորձենք անել չհաշվարկված քայլեր: Այս պարագայում ամենավտանգավորը կարող է լինել այն, երբ որ մենք փորձենք դառնալ, արդեն դարձել ենք Արեւմուտք-ՌԴ հակասությունների հնարավոր խաղադաշտ»:

Դիտարկմանը, որ «կռվացնողն» ենք Արեւմուտքի եւ հյուսիսի՝ նա պատասխանեց. «Ոչ թե կռվացնողն ենք, այլ խաղադաշտ ենք դառնում, մենք առաջարկում ենք մեր ծառայությունները՝ մյուսին հարվածելու համար: Ենթադրվում է, որ գոնե այդ աստիճանի իմաստություն կունենան եւ չեն անի նման բան: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, կրկնեմ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են իմաստ ունենալ, եթե մենք կարող ենք որոշակիորեն երաշխավորել: Հակառակ դեպքում մենք անսալու ենք իրանց բարի կամքին: Ո՞վ է հանդիսանալու բանակցությունների երաշխավորը: Ասում են՝ եթե մենք անենք, Արեւմուտքը կգա, իսկ ո՞վ է ասել Արեւմուտքը գալու է: Երկրորդը՝ իրականում այս տարածաշրջանում Արեւմուտքի ներկայությունը հստակ միջնորդավորված է: ԱՄՆ երկու կարեւոր դաշնակիցներ աջակցեցին Ադրբեջանին պատերազմում, երրորդ կարեւոր դաշնակիցը մեծ ներդրումներ է անում Ադրբեջանում: Այս ամենին չի կարելի մի պրիզմայով նայել: Ամեն պարագայում պետք է աշխատել բոլոր հնարավոր կողմերի հետ եւ ուժեղացնել դիրքերը, հասկանալ՝ այն, ինչ մենք կորցնում ենք, հետ կարող ենք բերել միայն մեր ուժերով: Լավագույնը, ինչը կարող է ձեւավորվել միջազգային հարթակում, դա ստեղծելն է բարենպաստ պայմաններ՝ այդ ուժերն օգտագործելու համար: Եթե մենք այդ ճանապարհով չենք գնում, մենք միամիտ ենք եւ այս տարածաշրջանում երկար գոյատեւելու շանսեր չունենք»:

Հարցին՝ երբ ասում են՝ ՌԴ-ից վտանգավոր է հրաժարվել եւ անցնել Արեւմուտքի կողմ, իշխանականներն ասում են, որ մեկ է, ամեն ինչ շատ վատ է, ՌԴ խաղաղապահներն Արցախում են, ոչ մի դեր չեն կատարում, մենք տարածքներ ենք կորցնում, սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել՝ Արտակ Ապիտոնյանը պատասխանեց. «Տեսեք, ես չեմ ասում ՌԴ-ից հրաժարվելը սխալ է, ես ասում եմ՝ պետք է քայլերը հաշվարկված լինեն: Երբ որ թռնում ես մի կետից մյուս կետը ընդհանրապես պետք է հաշվարկես ուր ես թռնում: Դու ունե՞ս տեղ, որտեղ ոտքդ կարող ես դնել եւ կանգնել, ոչ թե ուղղակի թռնում ես ու չգիտես՝ ընկնո՞ւմ ես, թե՞…Երկրորդը՝ ամենակարեւոր խնդիրը, որը մեր այդ հայտնի ստրատեգներին ես խորհուրդ կտամ՝ ուսումնասիրել պատմությունը եւ հասկանալ, որ աշխարհաքաղաքական թռիչքներ մի բեւեռից մյուսը չեն լինում, փոքր երկրները չեն որոշում նման քայլերը: Սովորաբար դա լինում է համաձայնության արդյունք: Չի լինում ինքնուրույն աշխարհաքաղաքական թռիչք մի բեւեռից մյուս բեւեռ: Միամիտ է կարծել, որ Հայաստանը կարող է որոշել այսօր եւ անցնել այլ դաշտ: Մեծամասամբ դա համաձայնությունների արդյունք է, իսկ ոչ համաձայնությունների արդյունքը լինում է օրինակ այն, ինչ տեղի ունեցավ  Ուկրաինայում՝ երկիրը պառակտված է, քանդված է, կիսված է, ռազմի դաշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031