Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ բռնարարը եւս ունի աջակցության կարիք, ինձ համար շատ կարեւոր է». սոցիոլոգ

Օգոստոս 23,2023 15:07

2022թ. ընթացքում քննչական կոմիտեի տվյալներով՝ անչափահասների նկատմամբ եղել է 545 քրեական վարույթ: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ անչափահասների հանդեպ նման վիճակագրության: Վերջին դեպքը՝ իր անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կնոջ մասնակցությամբ, եւս վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել հանրության շրջանում:

Մեդիա կենտրոնի «Պարզ զրույց» նախագծի շրջանակում սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը անդրադառնալով բռնությունների թեմային՝ նշեց, որ հասարակությանն այսօր ցնցող երեւույթները միշտ էլ գոյություն ունեն: Ըստ նրա, դրանք ավելի շատ լատենտ են եւ դեպք առ դեպք են առաջ գալիս, սակայն մեծ առումով՝ այդ խնդիրները առկա են տարբեր փոխհարաբերություններում:

Սոցիոլոգի խոսքով. «Աշխարհի հետ համեմատվելով՝ մենք տարբեր չենք վատ իմաստով, հետեւաբար չպետք է ինքնախարազանմամբ տառապենք, թե մեզ մոտ բռնություն կա: Բոլոր հասարակություններում էլ կան բռնության տարբեր դրսեւորումներ, խնդիրներ, սակայն տարբեր է արձագանքը, պաշտպանության եւ կանխարգելման մեխանիզմները… Բռնության շղթան սերնդային է, որովհետեւ մանկության վերապրումները հետո դառնում են վարք՝ ավելի հասուն տարիքում: Խնդիրը նրա մեջ է, թե ինչպես պետք է կտրել այդ շղթան»:

Պե՞տք է արդյոք որպես զոհ դիտարկել բռնարարին, որը գուցե ունեցել է մանկություն, որտեղ եւս բռնություն է եղել: Այս հարցին ի պատասխան Գայանե Հովակիմյանն ասաց, որ դա վիճելի է եւ ակադեմիական, եւ մասնագիտական հարթակներում: «Այն, որ բռնարարը եւս ունի աջակցության կարիք, ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ բռնարարի վարքը եւս մասնագիտական միջամտության ենթակա է՝ լինի կին, թե տղամարդ: Անշուշտ արդարադատության կայացումն անքննարկելի է, մյուս կողմից էլ՝ արդարադատության միտումը նրա մասին է, որ ոչ թե պետք է պատժել, այլ հնարավորություն տալ, որ բռնություն կատարած մարդը փոփոխություն կրելով իր մեջ՝ գիտակցի կատարվածը, փոխված վարք ունենա»,-ասաց մասնագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031