«Մենք եկել ենք եւ ասում ենք՝ ասե’ք, եւ մենք կանենք» կոչով այսօր Նուբարաշեն վարչական շրջանից իր նախընտրական քարոզարշավն սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նուբարաշենի բնակիչներն Ավինյանին տարբեր հարցեր ներկայացրեցին։ «Մեր դպրոցը սարքել են, երեք տարի է, բայց այս տարի էլ հույս չկա, որ երեխեքն այնտեղ պիտի սովորեն։ Շինարարությունն ավարտել են, զամոկը դրել են, ոնց որ թանգարան լինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը խոստացավ, որ սեպտեմբերի 1-ին դպրոցի բացումը կլինի։


Կարդացեք նաև
Բնակիչները բարձրաձայնեցին նաեւ գազիֆիկացման, խմելու ջրի, աշխատավարձերի բարձրացման եւ այլ հարցեր։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասաց, որ իր քարոզարշավն սկսել է հենց Նուբարաշենից, որովհետեւ իրենց համար չկան ավելի կարեւոր եւ քիչ կարեւոր վարչական շրջաններ։ «Մեզ համար նույնքան կարեւոր է Նուբարաշեն վարչական շրջանը, որքան Կենտրոն վարչական շրջանը։ Շենգավիթ վարչական շրջանը նույնքան կարեւոր է, ինչքան Արաբկիր վարչական շրջանը, եւ այդպես շարունակ»,- հայտարարեց նա։
Ավինյանը նաեւ ասաց, որ այս տարի Երեւանում 24 մանկապարտեզ է կառուցվել ու հիմնանորոգվել։ «Վերջին 40 տարիների ընթացքում սա ամենամեծ շինարարության ծավալն է, որ տեղի է ունենում Երեւան քաղաքում։ Երեւան քաղաքում բարեկարգվում են բազմաթիվ այգիներ եւ պուրակներ, մասնավորապես, Մերգելյանի այգին, Դավթաշենի առաջին զանգվածի այգին, Տորք Անգեղի արձանի հարակից այգին, Կոմիտասի շուկայի հարակից պուրակը, Հաղթանակի 40 ամյակին նվիրված այգին, Օղակաձեւ այգին եւ այլն։ Երեւանում վերջին մեկ տարվա ընթացքում մենք 35 հեկտար անտառ ենք տնկել։ Եվ մենք ասում ենք, որ Երեւանում շարունակելու ենք բոլոր այգիների վերակառուցումը, մենք շարունակելու ենք բոլոր մանկապարտեզների վերակառուցումը։ Եվ չենք խոստանում, որ դա անելու ենք 5 տարում։ Երեւան քաղաքում 2025 թվականի ավարտին չպիտի մնա մանկապարտեզ, որը բարեկարգված չէ։ Երեւանում մենք բարեկարգում ենք բազմաթիվ բակեր, եւ այս ամենը մենք անում ենք ձեզանից ստացած հանձնարարականի հիման վրա։ Դուք ասել եք մեզ, եւ մենք արել ենք։ Եվ եւս մեկ անգամ մենք եկել ենք ձեզ ասելու՝ ասե՛ք, եւ մենք կանենք։ Պահանջը պետք է գա երեւանցուց, երեւանցին պետք է լինի պահանջատեր, եւ մենք ծառայող, կատարող»,- հայտարարեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































