ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:
Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։

«Մեր մասնակիցներն՝ ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ, որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Նախարարը վստահություն է հայտնել, որ միջոցառումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նոր ծրագրեր, բիզնես գաղափարներ ու համագործակցություններ կձևավորվեն, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
Ռոբերտ Խաչատրյանը նաև հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել «Ներուժ 4.0» մասնակիցներին։


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական աջակցությունը «Ներուժ» ծրագրին՝ ընդգծելով գիտելիքի և նորարարության կարևորությունը։


ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:
Դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած «Ներուժ 4.0» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը, երբ տեղի կունենա միջոցառման փակման պաշտոնական արարողությունը և կհայտարարվեն ծրագրի հաղթողները, որոնց որոշելու է նախապես ձևավորված հանձնաժողովը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն






















































