Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր կենտրոնը՝ հատուկ գոտի, 500 միլիոնանոց ծրագիր՝ կենտրոնը շրջանցող ճանապարհ, Մաստեր պլան․ավագանու թեկնածուների առաջարկները

Սեպտեմբեր 04,2023 16:02

«Իշխող ուժը արհամարհական վերաբերմունք ունի ճարտարապետությանը, աշխատանքից հեռացրել է գլխավոր ճարտարապետին, լուծարել ինստիտուտը, ոչ մի ճարտարապետ, քաղաքաշինարար չունի իշխող ուժը, բոլոր հաստիքները թափուր են»,-այսօր «Հոդված 3» ակումբում Երեւանի քաղաքաշինական խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու Տելեմակ Անանյանը։

Անանյանի կարծիքով՝ Երեւանը պետք է բեռնաթափվի եւ քաղաքը շրջանցող ճանապարհ կառուցվի․ «Այգեստանի 12-րդ փողոցը պիտի Նորքի զանգվածից, Մյասնիկյանից բեռնաթափվի ու ավարտվի օղակը, հատի Տիգրան Մեծը, Արշակունյանցը, հետո հատի Մոնթե Մելքոնյան-Իսակովը։ Սա պետք է իրականացվի, որպեսզի մայրաքաղաք մտնող ավտոմեքենաները շրջանցեն կենտրոնական հատվածները։ Մեր քաղաքաշինական ծրագրով կա առաջարկ՝ 500 միլիոն դոլարի ծրագիր է, Երեւանի երեք տարվա բյուջեն է դա, եւ պետք է անել։ Եթե պետք է՝ կառավարությունը օժանդակի, մասնավոր-պետական համագործակցությամբ կարելի է իրականացնել։ Տվյալ շառավիղն ավարտելով կկարողանանք մինչեւ 3 միլիարդ ներդրումների քաղաքաշինական ծրագրերի համար բացել նոր ֆրոնտ՝ Սարի թաղից Սիլաչիով մինչեւ վերեւ՝ բոլոր նորմերի խախտումները կվերացվեն»։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստանի»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ նկատեց՝ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի ժամկետը սպառվել է 2020-ին, մինչեւ սպառվելն էլ այն չէր համապատասխանում քաղաքի փաստացի իրավիճակին․ «Մենք անհրաժեշտություն ենք տեսնում մաստեր պլանի, որը քաղաքի զարգացման փաստաթուղթ է եւ որը պետք է կանոնակարգի ամբողջ կառուցապատումը, այդ թվում՝ որ վարչական շրջանում, որ ազատ գոտիները պետք է կառուցապատվեն եւ ինչպես։ Քաղաքաշինական կարեւոր խնդիր են սեփական տները, որոնց կարգավիճակը հստակեցված չէ, գույքահարկ չեն վճարում։ Մենք կարծում ենք, որ սեփական տների թաղամասում որքան ինքնակամ տներ կան, պետք է օրինականացվեն»։

Խաժակյանի խոսքով՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր կան, որոնք ասում են՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի առանցքը լինի ճոպանուղին․ «Համոզված եմ՝ եթե այդ թիմում լինեին ճարտարապետներ, որոնք համապարփակ ուսումնասիրել են համաշխարհային փորձը, կտեսնեին, որ օրինակ՝ Բոլիվիայի Լապասը, որտեղ ճոպանուղին կիրառվել է, եղել է անայլընտրանք․ 400 մետր բարձրության տարբերություն, աշխարհի ամենաբարձրադիր քաղաքն է։ Բերել Լապասի փորձը կիրառել Երեւանում, չի ստացվի, կամ բերել մետրոյի փորձը կիրառել, չի ստացվի։ Ուստի մենք կարծում ենք, որ մաստեր պլանի կազմավորումը պետք է լինի համապարփակ ծրագիր։ Համոզված եմ, որ Երեւանի քաղաքապետարանում ճարտարապետական ներուժն ունենք»։

Երեւանի քաղաքապետի տեղակալ, Երեւանի ավագանու անդամի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ստեփան Մաչյանն էլ քննարկման ժամանակ արձագանքելով Տելեմակ Անանյանին, ասաց՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը կրճատվել է, բայց դրա փոխարեն ավելի լավ լուծում ենք առաջարկել ՝ ճարտապետական խորհուրդ ենք ստեղծել, որտեղ հինգ պրոֆեսիոնալ մասնագետների որոշումները կայացվում են ոչ թե մեկանձնյա, այլ քննարկումների հիման վրա․ «Այս ոլորտի իր լիազորությունները քաղաքապետը փոխանցել է մասնագետներին»։

Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր հատակագծին, Մաչյանն ասաց՝ թյուր կարծիք կա, թե քաղաքը չունի գլխավոր հատակագիծ, առաջին ժամկետը սպառվել է, ապա այն երկարաձգվել է․ «Կա գործող գլխավոր հատակագիծ, որով առաջնորդվում ենք»։

Կրկին անդրադառնալով Տելեմակ Անանյանի հայտարարությանը, Մաչյանն ասաց՝ քաղաքը շրջանցող ճանապարհի 500 միլիոն դոլարի ծրագիրը ձեր քաղաքական թիմի ծրագրում չկա․ «Ձեր անձնական ծրագիրը քաղաքական ծրագրերի հետ մի շփոթեք։ Ես ծանոթացել եմ ձեր ծրագրին իսկ այդ 500 միլիոն դոլարի ծրագիրը ոչ պրոֆեսիոնալ հաշվարկ է»։

Երեւանի ավագանու անդամի «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Արման  Ավետիսյանն էլ ներկայացնելով այս կուսակցության առաջարկներն, ասաց՝ փոքր կենտրոնում քաղաքաշինական մոտեցումները պետք է տարբեր լինեն, քան մյուս վարչական շրջաններում են․ «Օրենսդրական փոփոխություններով փոք կենտրոնը պետք է ճանաչվի հատուկ կարգավորվող գոտի, որի շրջանակներում կարողանալու ենք այդ փոփոխություններն իրականացնել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930