Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի պատասխանը` Սուրեն Սահակյանի գրառմանը

Սեպտեմբեր 05,2023 23:59

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Սուրեն Սահակյան օգտատիրոջ կողմից Պաշտպանի  հաստատության գործունեության վերաբերյալ ներկայացված հրապարակման առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

2023 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել քաղաքացի Սուրեն Սահակյանը և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պուրակի տարածքում ցանկանում է վրան տեղադրել՝ մինչև 100 մասնակից ունեցող քննարկում և հավաք իրականացնելու նպատակով, սակայն ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արգելում են վրանը տեղադրել:

Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցչին Ոստիկանությունից պարզաբանում է ներկայացվել այն մասին, որ վրանը չի թույլատրվում տեղադրել նշված վայրում՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:

Ավելի ուշ, Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պուրակի տարածքից վարչական ձերբակալման է ենթարկվել երեք քաղաքացի, այդ թվում՝ Ս. Սահակյանը: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման շրջանակներում իրականացվել է անհետաձգելի այց ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, խնդիրները քննարկվել են ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներն ամփոփվել են և հավաքի մասնակիցներին Ոստիկանության ծառայողների կողմից վրանի տեղադրելն արգելելու, վարչական ձերբակալման ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Հարցի առնչությամբ դեռևս չի ստացվել պետական մարմնի գրավոր պատասխանը(Պաշտպանի գրության վերաբերյալ պետական մարմինների համար օրենքով սահմանված է պատասխան տրամադրելու 30 օրյա ժամկետ)։

Արագ արձագանքման այցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել համապատասխան հրապարակմամբ, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Ուստի,հավաքի մասնակիցների կողմից վրանների տեղադրման, նրանց վարչական ձերբակալման հարցի վերաբերյալ ՆԳՆ-ից պատասխան գրությամբ պարզաբանումներ ներկայացված չլինելու պայմաններում Պաշտպանն իրավասու չէ կայացնելու նույն սահմանադրական օրենքով սահմանված որոշումներից որևէ մեկը։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ տվյալ հարցի քննարկման ընթացակարգը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է, իրականացվում է խնդրի առնչությամբ համակողմանի ուսումնասիրություն, ինչի առնչությամբ օրենքով սահմանված կարգով կներկայացվի Պաշտպանի դիրքորոշումը։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջի գրառման շրջանակներում նշվել է նաև, թե իբրև վերջինս զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին, սակայն հեռախոսը ավիացիոն ռեժիմի վրա է դրված եղել: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարները (աշխատանքային ժամերին անվճար 116, իսկ ոչ աշխատանքային ժամերին 096 116 100) գործում են 24/7 ռեժիմով: Թեժ գիծ հեռախոսահամարին պարբերաբար ստացվում են տարաբնույթ հարցերի վերաբերյալ ահազանգեր, այդ թվում՝ գիշերային ժամերին: Բացառություն չի կազմել նաև 2023 թվականի սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, որի ընթացքում թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են տարբեր հարցերի վերաբերյալ զանգեր։ Այդ ժամանակահատվածում թեժ գիծ հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգերի ուսումնասիրությունը վկայում է, որ 096 116 100 թեժ գծի հեռախոսահամարը եղել է հասանելի, քանի որ այդ ընթացքում գրանցվել են այլ զանգեր։

Ուստի, Սուրեն Սահակյան օգտատիրոջ կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ ներկայացված անհիմն դատողությունները չեն համապատասխանում իրականությանը և ստվերում են կառույցի հեղինակությունը։

ՄԻՊ աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը: Ավելին, աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է անընդհատ բնույթ և այդ առնչությամբ բարեփոխումներն այժմ էլ ընթացիկ փուլում են։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930