Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Չպետք է թույլ տալ, որ Հայաստանում արմատավորվի մենիշխանություն»

Սեպտեմբեր 06,2023 21:35

«Վերջին 15 օրերին երեւանցիների հետ շփումներն ինձ բերեցին այն համոզման, որ երեւանցիները  գլոբալ փոփոխություններ են ուզում, համաձայն չեն ընթացիկ կառավարման հետ, իրական փոփոխություններ են ուզում, ուզում են ապրել մաքուր Երեւանում, չեն հանդուրժում, չեն համակերպվում պարտված քաղաքացու խարանը ճակատներին ապրելու հետ։ Հետեւաբար, մեզ անհրաժեշտ են փոփոխություններ»,-այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Նա շրջելով Կոմիտաս պողոտայով քաղաքացիներին կոչ էր անում սեպտեմբերի 17-ին անպայման գնալ ընտրատեղամաս, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին․«Ձեր քվեով հնարավոր է փոխել ոչ միայն Երեւանի, այլեւս մեր պետության եւ պատմության ընթացքը։ Երեւանի  ընտրություններով սկսվելու է բեկումնային  փոփոխությունների ընթացքը։ Մենք այլեւս չենք կարող այսպես պարտված, հուսահատված ապրել»։

Նա սթափության կոչ արեց, որպեսզի քաղաքացիները մեր ժողովրդին արժանի իշխանություն ընտրեն, ապա հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չունի վստահության քվե, ոչինչ կանխորոշված չէ, ՔՊ-ն չի կարող 50+1 քվե ստանալ։

«Քարոզարշավի այս 15 օրերին վերջնականապես համոզվեցինք, որ իշխող ուժը ամբողջությամբ տապալել է երկրի ղեկավարումը, Երեւանի ղեկավարումը, տապալել է նախընտրական ծրագիրը,  եւ երկրի կառավարումը կանգնեցրել է կոլապսի առաջ»,-ասաց Նորիկյանը։

Նա, ինչպես ամեն օր, այսօր էլ թվարկեց իշխող ուժի նախընտրական ծրագրի այն դրույթները, որոնք չի կատարել․ «Իշխող ուժը հինգ տարի առաջ խոստացել էր բեկումնային, շրջադարձային փոփոխություններ իրականացնել մեր կյանքում, փոխել մեր հասարակության որակը, պետության որակը, ժողովրդին դարձնել հպարտ քաղաքացիներ։ Այսօր մենք չենք տեսնում հպարտ քաղաքացի, չենք տեսնում որեւէ երջանիկ քաղաքացի։ ՔՊ-ն հինգ տարի առաջ խոստացել էր, որ կառուցելու է Կոմիտասի պողոտային այլընտրանքային պողոտա, վերակառուցելու է 33-րդ թաղամասը, կառուցելու է Երեւանի կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին  կապող նոր ավտոմայրուղի, Սախարովի եւ Շահումյանի հրապարակներում ստորգետյան ավտոկայանատեղիներ, վերացնել փողոցային առեւտուրը, աղբի վերամշակման համակարգ ներդնել եւ այլն։ Այս խոստումները չի իրականացրել։  Խոստացել էր տրանսպրոտային նոր համակարգ ներդնել եւ ապահովել արժանապատիվ  ուղեւորափոխադրումներ։ Այս խոստումն էլ չի իրականացրել։ Մենք գործ ունենք ձախողված եւ տապալված կառավարող ուժի հետ, որը սպառել է իրեն։ Երեւանցիներին փոփոխություններ են պետք»։

Նորիկյանի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ  Հայաստանում  արմատավորվի մենիշխանություն, ինչի աղետալի դրսեւորումներն ու հետեւանքները տեսել ենք տարիներ շարունակ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930