Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի «պատմական» առաքելությունն ավարտված է, ու նա պետք է հեռանա»

Սեպտեմբեր 09,2023 13:30

«Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը:

-Ինչի՞ հետեւանք էին, Ձեր կարծիքով, Արցախում տեղի ունեցած վերադասավորումները, եւ ի՞նչ սպասելիքներ են դրանք ձեւավորում, նաեւ ի՞նչ մտավախություններ են առաջ բերում. մասնավորաբար, ներքաղաքական անկայունության հնարավորություն կա, ինչն Ադրբեջանը կարող է օգտագործել ու ռազմական ճանապարհով հարցի վերջնական լուծման գնալ:

-Արցախում տեղի ունեցած վերադասավորումները սպասված էին, այն պայմանավորված էր հիմնականում այն հանգամանքով, որ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը չէր սպասարկում Արցախի շահը, նա իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից շատ ուղիղ կախման մեջ էր ՀՀ իշխանություններից, ինչն առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Կարելի է վստահաբար ասել, որ նա Արցախում փորձում էր իրականացնել այն քաղաքականությունը, որը նրան թելադրում էր պաշտոնական Երեւանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը չի նպաստում Արցախի շահերին ճիշտ այնպես, ինչպես չի նպաստում նաեւ Հայաստանի շահերին։

Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ Արցախի հնարավոր ներքաղաքական անկայունությունը կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի համար, որպեսզի նա դիմի Արցախի հանդեպ նոր ագրեսիայի։ Նախ, Արցախում ավելի շատ միտում կա ներքաղաքական իրավիճակի հարթեցման, երկրորդը՝ Ադրբեջանն այս պահին կարիք չունի սպասելու առիթների, որպեսզի դիմի ագրեսիայի։ Հայաստանի իշխանությունների ապաշնորհությունն ու քաղաքական սնանկությունը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի շարունակությունը լինելու հանգամանքն Ադրբեջանին ազատել են որեւէ առիթի սպասելու անհրաժեշտությունից։

Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես ազատորեն էլ գործում է՝ չհանդիպելով որեւէ դիմադրության։ Ամբողջական շրջափակման մեջ վերցնելով Արցախը, նա շատ հանգիստ Լաչինի ապօրինի անցակետից գողանում է մարդկանց ու դատում իր համար հաճելի ցանկացած որեւէ հոդվածով։ Նույն բանն Ադրբեջանն անում է նաեւ Հայաստանի տարածքում, երբ առեւանգում է դիրքեր սնունդ տանող զինծառայողներին ու դատում, որպես դիվերսանտների։ Հետեւաբար, չհանդիպելով որեւէ դիմադրության, կորչում է ինչ-որ առիթի սպասելու իմաստը։

Ըստ այդմ, Ադրբեջանին զսպող հանգամանք կարող է հանդիսանալ միայն հաստատակամ, վճռական, իր շահերի համար հետեւողականորեն պայքարող իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Արցախում արդեն այդ հնարավորությունն ուրվագծվում է, Արայիկ Հարությունյանի հեռանալը կարող է նպաստել ոչ թե քաղաքական անկայունության առաջացմանը, այլ նշվածս որակները կրող իշխանությունների ձեւավորմանը։

-Ի դեպ, ՀՀ-ի հետ սահմանին արդեն մի քանի օր է՝ զինտեխնիկայի հսկայածավալ կուտակումներ են, անգամ ՀՀ իշխանավորներն են դրա ահազանգը հնչեցնում՝ տարբեր դեսպանների հետ հանդիպումներում. տրամաբանական համարո՞ւմ եք այս փուլում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ, թե՞ այդ կուտակումներն, այսպես ասած, ուժի ցուցադրության եւ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են:

-Հայաստանի սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումները կարող են ե՛ւ ուժի ցուցադրության ու Հայաստանի իշխանությունների վրա ճնշման փորձ լինել, ե՛ւ կարող են նոր պատերազմի նախապատրաստական աշխատանքներ լինել։ Երկուսի հավանականությունն էլ շատ բարձր է։ Դրան գումարենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ամենօրյա ֆոն են ստեղծում նոր պատերազմի համար, քանի որ նրանց լրահոսն ամբողջովին հեղեղված են լուրերով, իբր հայկական զինուժը օրական մի քանի անգամ կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ Նախիջեւանի հատվածում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպես կոչված ադրբեջանական դիրքերի մի ստվար մասը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ այս պահին կարեւորենք այդ կեղծ լուրերի շրջանառության իմաստը։ Դրանք սոսկ լրահոս ապահովելու համար չեն արվում, այլ հող են նախապատրաստում ռազմական գործողությունների համար։ Այնպես որ, նոր պատերազմի հնարավորությունը չափազանց բարձր է։

Սակայն կա մի հանգամանք եւս, երեկ Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը։

Հավելենք նաեւ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սադրիչ գործելակերպ է ընտրել տարածաշրջանում։

Եթե դրան էլ գումարենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի կողմից կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, մյուս կողմից էլ նշեց, որ իրավիճակը սրվում է, քանի որ Ադրբեջանը զորքեր է կուտակում սահմանին, ապա պատերազմի հավանականությունը գրեթե քառապատկվում է։

Բայց կարող է լրիվ այլ սցենար զարգանալ, Ադրբեջանն իր կուտակումները հասցնի պիկին ու Հայաստանից հերթական անգամ պոկի մեզ համար ցավոտ զիջումներ, բնականաբար՝ տարածքների տեսքով։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տարածքներ զիջելու մոլուցքը՝ այս տարբերակը նույնպես չի բացառվում։

-Տեսակետ կա, որը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս մի հարցազրույցում հնչեցրեց՝ ստեղծված իրավիճակում, ըստ էության, ոչինչ փոխել հնարավոր չէ: Առավել եւս, որ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները, մեծ հաշվով, տարածաշրջանային խաղացողներին արդեն հետաքրքիր էլ չեն: Ձեր գնահատմամբ, ի՞նչ իրավիճակում է հայտնվել տարածաշրջանը, եւ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, մանավանդ որ, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ՌԴ-ն հանդես է գալիս Անդրկովկասում Թուրքիայի հետ համագործակցության խորացման դիրքից: Ռուս-թուրքական այս մերձեցումից ի՞նչ կարող ենք կորցնել կամ կարո՞ղ ենք օգուտներ քաղել՝ այն էլ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին:

-Այն թեզը, որ ստեղծված իրավիճակում ոչինչ փոխել հնարավոր չէ, իշխանությունների կողմից շրջանառվող հերթական մանիպուլյացիան է։ Այն առաջին հերթին մեղքն իրենցից վանելու փորձ է: Երկրորդը՝ մեսիջը՝ հանրությանը, որ ստեղծված իրավիճակում անիմաստ է պայքարելը, քանի որ ով էլ լինի, մեկ է՝ ոչինչ փոխել չի կարող։ Բնականաբար, պայքար ասելով նրանք նկատի ունեն միայն ներքաղաքական պայքարը, միայն վախը՝ իրենց իշխանությունը կորցնելու։

Նման տեսակետը հիմնազուրկ է, նույնիսկ գաղափարազուրկ։ Նախ չկա մի իրավիճակ, որ փոխել հնարավոր չլինի։ Դրա համար պետք է ազգային շահերով առաջնորդվող, պարտության ստորացուցիչ կապանքներից զուրկ, հստակ քաղաքական գաղափարներ կրող իշխանություն. այլ խոսքով, նախ պետք է ազատվել այս իշխանություններից։ Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային խաղացողներին դադարում են հետաքրքրել միայն Նիկոլ Փաշինյանի ու իր «քաղաքական» թիմի պատճառով։ Հետեւաբար նրանք՝ որպես այս ամենի ուղիղ պատասխանատուներ ու մեղավորներ, պետք է հեռացվեն։

Բացի այդ, նման թեզեր շրջանառողները փորձում են ներկայացնել այնպես, կարծես քաղաքականությունը բնության ինչ-որ երեւույթ է, որը տեղի է ունենում մարդու կամքից դուրս։
Այնինչ քաղաքականությունն իրացվում է հենց մարդու կողմից, ու ինչպիսի քաղաքականություն իրականացնում է մարդը, այդպիսի իրավիճակ էլ ստեղծվում է։ Եթե հետեւում ենք պատմության ընթացքին, հենց անհատներն են եղել պատմության կերտողները, նրանք են բեկել իրադարձությունները, սահմանել նոր իրավիճակներ, փոխել աշխարհը։

Բնականաբար, Նիկոլ Փաշինյանն այդ անձը չէ։ Նա արդեն հասցրել է Հայոց պատմության էջերը սեւացնել՝ հանձնելով Արցախի մեծ մասը, ներառյալ Շուշին ու Հադրութը, հանձնելով Հայաստանի տարածքները, խոսք բացել Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերը Ադրբեջանին տալու հնարավորության մասին։ Հենց նա է Հայաստանը հաղթողից վերածել պարտվողի, հետեւաբար նրա «պատմական» առաքելությունն ավարտված է, ու նա պետք է հեռանա։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա մերձեցմանը, ապա պատմականորեն ապացուցվել է, որ այդ մերձեցումից մենք երբեք օգուտ չենք ունեցել։ Սակայն պատմությունը միշտ չէ, որ կարող է կրկնվել։ Բայց վտանգը մեծանում է նրանով, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցմանը զուգահեռ տեղի է ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացում, ընդհուպ մոտենալով խզման։ Առնվազն պետք է չափազանց ֆանտաստիկ պատկերացում ունենալ, որպեսզի այս ամենում մեզ համար օգուտներ հնարավոր լինի գտնել։

Իհարկե, ոմանց հույսը Արեւմուտքն է, սակայն պետք է հստակ գիտակցել, որ Արեւմուտքի օժանդակությունը մեզ՝ միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար է, ու եթե դա հաջողվեց, ապա արեւմտյան ոչ մի զինվոր չի կռվելու հօգուտ Հայաստանի, նույնիսկ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ։ Տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու դեպքում այդ մանդատն անցնելու է Արեւմուտքին, իսկ Արեւմուտքն այստեղ կներկայանա Թուրքիայի տեսքով։

-Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Ազատության հրապարակում հանրահավաք էր. որո՞նք էին այդ հանրահավաքի հիմնական ուղերձները:

-Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն առաջին հերթին ուղերձ էր Արցախի մեր հայրենակիցներին, որ նրանք երբեք մենակ չեն մնա, որ համայն հայությունը մշտապես կանգնած է լինելու նրանց կողքին։ Այն ուղերձ էր նաեւ միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունն ու Արցախը միասնական են Արցախի ինքնորոշման հարցում ու երբեք Հայաստանի իշխանություններին չեն տվել մանդատ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։

– Որոշակի շրջանակներում սպասելիքներ կան, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն լինի. որքանո՞վ են դրանք արդարացված:

-Ես, իհարկե, մի քիչ կդժվարանամ ժամկետներ նշել, սակայն այն, որ այս իշխանությունները հեռացվելու են, դա միանշանակ է։ Վստահաբար Հայաստանի հասարակությունը, ի վերջո, սթափվելու է ու այլեւս չի կարող հանդուրժել նրանց, ովքեր իրենց հաղթանակներն ու ձեռքբերումները հավասարեցրին հողին։ Շատ կարեւոր է նաեւ, թե քաղաքական ընդդիմադիր ուժերն ինչ հստակ օրակարգով, գործողությունների ծրագրով ու դասավորվածությամբ կստանձնեն պայքարի առաջնորդությունը։ Ճիշտ քաղաքական պայքարն ու հասարակության ընդվզումը կհանգեցնի այս իշխանությունների տապալմանը։ Տա Աստված, դա տեղի ունենա մինչեւ տարեվերջ։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930