«Մենք նկատել ենք, որ մեր պաստառները պատառոտվում, պոկվում ու հանվում են, դեռ չենք կարող ասել՝ դրանք մրցակիցնե՞ր են հանում, ընդդիմությունը, թե այն մարդիկ, որոնք հոգնել են եւ չեն ուզում գնալ ընտրությունների։ Ինչպես ասում են՝ բռնված չես, գող չես: Հավանաբար նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառն այն է, որ ընտրողները ավելի քիչ տեղեկացված լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը:
Նա նշեց, որ քաղաքացիների հետ շփումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ հանրությունը հոգնել է ընտրություններից, կորցրել է հավատը. «Մի մասը վախեցած է, հավանաբար վախեցնում կամ պարտադրում են ընտրել այս կամ այն թեկնածուին, մի մասն ընդհանրապես չի գնալու ընտրությունների, ոմանք էլ դեռ կողմնորոշված չեն, իրենց թեկնածուի փնտրտուքի մեջ են: Հետեւաբար, ամենակարեւոր խնդիրն է՝ սթափեցնել մարդկանց, հնարավորություն տալ կողմնորոշվելու, որպեսզի անպայման մասնակցեն ընտրություններին»:

Քաղաքականության մեջ կանանց դերակատարության վերաբերյալ հարցի վերաբերյալ էլ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Այն, ինչ կարող են նկատել կանայք, տղամարդիկ ուղղակի կանցնեն դրա կողքով: Կանայք կարգուկանոն են հաստատում, նրանք նախ եւ առաջ յուրաքանչյուր ընտանիքի հեղինակավոր օղակն են, կինը պատասխանատու է երեխաների առողջության, կրթության ծնողների ու ամուսնու հանդեպ հոգատարության համար:
Կարդացեք նաև
Կինը պատասխանատու է ընտանիքի բյուջեի համար: Ելնելով ընտանիքում ունեցած դերակատարությունից եւ փորձից՝ կանայք այսպես թե այնպես առնչվում են տարբեր կառույցների հետ՝ կրթության ոլորտ, առողջապահական, սոցիալական: Կինը հաստատ գիտի , թե ինչ կարող է փոխել առողջապահության, կրթության ոլորտներում, ինչ կարող է առաջարկել մշակույթի, արվեստի եւ սպորտի զարգացման համար, որովհետեւ կնոջ համար կարեւոր է, որ իր երեխաները զարգանան բոլոր ուղղություններով: Կինը կարգուկանոն է, պաշտպանություն»:
Մեր հարցին ի պատասխան՝ ում են համարում իրենց գլխավոր մրցակիցը, Նատալյա Ռոտենբերգն ասաց. «Բոլոր թեկնածուներն իրենց գլխավոր մրցակից են համարում իշխող ուժի ներկայացուցիչին, քանի որ պետական,վարչական բոլոր լծակները նրանք կիրառում են պետական ծառայողների վրա ազդելու համար, որոնք ստիպված են ձայն տալ իշխող ուժի ներկայացուցիչին: Իրենք ունեն անսահման շատ ֆինանսական ռեսուրսներ, կարող են գովազդներ պատվիրել ցանկացած լրատվամիջոցում, հարցազրույցներ տալ հեռուստատեսություններին, կարող են իրենց գովազդային պաստառները փակցնել ամենաերեւացող տեղերում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ․ Գ․ «Առավոտի» թղթակիցը երեկ ականատես դարձավ, թե Երեւանի կենտրոնում ինչպես էին քարոզարշավ անում Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը։ Նրանք փողոցներով սլանում էին սպիտակ «Բենթլիով», եւ պրն Արզաքանցյանը վարելու ընթացքում բարձրախոսով ինչ որ բաներ էր ասում իրենց մասնակցության մասին, եւ որ ոչինչ չեն խոստանում՝ գործով են ապացուցելու։ Իսկ տիկին Նատալյան բացականչում էր՝ голосуй за номер 5, мы идем вопрос решать: Խոսքի ընդմիջումներին պարզորոշ լսվում էին նրանց ուղեկցող դրոշներով զարդարված «Ջիփից» ձայնագրված «համար 5, համար 5» վանկարկումները։ Ուշագրավ էին նաեւ սպիտակ Բենթլիի համարանիշում ներառված տառերը «NR», ինչից կարելի է ենթադրել, որ մեքենան պատկանում էր Նատալյա Ռոտենբերգին։


















































