ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ կառավարությունը առաջարկում է նախագծով հետադարձ ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ սկսած 2021 թվականի մայիսի 10-ից։ Դա հիմնվում է Կանոնադրության 12-րդ հոդվածի երրորդ մասի վրա, որը հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ Կանոնադրությանը։ «Պարզ է, թե ինչու է ընտրված մայիսի 10 ժամկետը, որովհետեւ 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ստորաբաժանումները սկսեցին արդեն ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։ Դրանից հետո արդեն ավելի խորանալով՝ մենք ունեցանք շատ ցավալի միջադեպեր, գերեվարումներ, իրավունքների այլ խախտումներ, էսկալացիաներ, 2021 թվականի նոյեմբեր, 2022 թվականի սեպտեմբեր, եւ այդպես շարունակ։ Հետադարձ ճանաչելու նպատակը հենց դա է, բայց բացի հետադարձ ճանաչելուց, նաեւ վավերացման նախագիծն է առաջարկվել, վավերացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին։ Կարծում են՝ այս փուլում միայն իրավազորությունը ճանաչելը ճիշտ չի լինի, սխալ մեսիջ կլինի թե միջազգային հանրությանը, թե դատարանին»,- հավելեց նա։
Կիրակոսյանն ասաց, որ երբ վավերացման համար բոլոր ներպետական գործընթացները կլինեն, 60-օրյա ժամկետը լրանալուց հետո Կանոնադրությանը կմտնի ուժի մեջ։
Կարդացեք նաև
«Այս նախագիծը բերվել է հետեւյալ նպատակով՝ հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների համար պատասխանատվության լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, նաեւ ՀՀ համար որոշակի կանխարգելիչ մեխանիզմ ունենալը, դա կլինի միջազգային կանխարգելիչ մեխանիզմ՝ ՀՀ տարածքում Կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունները կատարումը կանխարգելելու տեսանկյունից։ Սա պակաս կարեւոր չէ նաեւ անվտանգային տեսանկյունից։ Անվտանգային խնդիրների լուծման նպատակով կարող են լինել երկրներ, որ այս հանգամանքը կարեւորեն, օրինակ, տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակների առեւտրի դեպքում»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































