Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ՝ Գրանադայի փաստաթղթում կետ կա՞ր, որ անհապաղ պիտի վերադարձվեն բոլոր ռազմագերիները։ Առաջին կետը դա պիտի լիներ»․ Արամ Օրբելյան

Հոկտեմբեր 06,2023 16:20

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ հիմա խոսվում է, դա տեղի է ունեցել ոչ թե հիմա, այլ վաղուց։ Եթե համաձայնությունն ի սկզբանե նրա շուրջ է, որ խորհրդային սահմաններով գործընթացը պետք է իրականացնենք, պարզ է, որ այդ տարածքները պետք է հետ տանք, քանի որ էդ մի հոգու և իր կոնստրուկտիվ գործընկերոջ կամ գործատուի պայմանավորվածությունն է»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Գրանադայում ստորագրված փաստաթղթի մասին, կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ահազանգել էր, որ «փաստացի սա այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզները»։

Արամ Օրբելյանը փաստեց՝ ՀՀ-ն որպես տարածք անկախացել է և անկախացել է ԽՍՀՄ փլուզման արդյունքում և անկախացել է, ինչքան էլ որոշ մարդիկ փորձեն չտեսնել, 40 հազար քառակուսի կիլոմետր տարածքով․ «Դա պայմանական եմ ասում․ կարող է պոչերով լինել։ Դա ենթադրում է Արցախ, ՀՀ, գումարած Շահումյան և Գետաշեն։ Խոսքը վերաբերում է 1989 թվականի վերամիավորման որոշմամբ ձևավորված տարածքին։ Դա բխում է ՀՀ Անկախության հռչակագրից, բոլոր ՀՀ հիմնադիր փաստաթղթերից։ Այն փաստը, որ ՀՀ-ն Արցախի կարգավիճակի մասով վերջնական դիրքորոշում չէր հայտնել, այն էր, որ համաձայնվել էր՝ որպես փոխզիջում բանակցային գործընթացի արդյունքներով ամրագրել դրա հետևանքները՝ կլիներ անկախ պետություն, թե՝ ՀՀ մաս։ Եթե մենք ի սկզբանե մոտեցումը դնում ենք, որ ԽՍՀՄ ներքին վարչական սահմաններով պիտի գործընթացը գնա, համապատասխանաբար այդ մի հոգին դեռ վաղուց է ասել դրա մասին, արդյունքում սա ոչ թե պայմանավորվածություն է, որը տեղի է ունեցել Գրանադայում, այլ ուղղակի գործընթացի հաջորդ քայլն է։ Եթե 2020-ին այսպես կոչված անկլավներն էլ հանձնվեր, Արցախն էլ հանձնվեր միանգամից, ռեակցիան այլ կարող էր լինել։ Դրա համար մի կտոր տանք, սպասենք մոտեցումն են կիրառում․ հաջորդ քայլը լինելու է անկլավների «ազատագրումը» կամ զբաղեցումը, հաջորդ կտորը լինելու է վերադարձը ՀՀ տարածք, հաջորդ կտորը լինելու այդ ադրբեջանցիների կամ այլազգիների անվտանգության երաշխավորումը, չճանաչված Արևմտյան Զանգեզուրի հանրապետության հիմնումը Հյուսիսային Կիպրոսի հանրապետության օրինակով, հաջորդ փուլը լինելու է ՀՀ-ի միացումը Թուրքիային»։

Փաստելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով եղել է ռազմագերիների՝ բոլորը բոլորի նկատմամբ փոխանակում, Արամ Օրբելյանն արձանագրեց՝ ռազմագերիները չեն վերադարձվել, նրանց թիվն ավելացել է․ «ՀՀ-ն քանի դեռ չի ձևավորել պետություն՝ որպես այդպիսին ինքը փակուղում է։ Պետական ընկալում չկա ՀՀ քաղաքացիների մոտ։ ՀՀ քաղաքացիները՝ ներառյալ ես, վերջին երեք-չորս տարում պարբերաբար տարբեր խնդիրներ լուծելու են լծվում, որը իրենց խնդիրը չէ։ Պատերազմի ժամանակ մտածում էին, թե որտեղից զրահաբաճկոն բերեն, փող հավաքենք, բերենք դրոն, ռացիաներ և այլն։ Մինչդեռ խնդիրն այն է, որ պետական գործընթացների կոորդինացում չկա։ՀՀ քաղաքացիները պետք է ընկալեն, որ իրենք ՀՀ իշխանության կրողներն են։ Երբ հիմա տարբեր մարմիններ ասում են, գրենք մեր դրսի գործընկերներին այս իրավիճակի մասին, բարձրաձայնենք, այո, դա պետք է անել, բայց դա անարդյունավետ կլինի, եթե քո պետությունը լրիվ այլ բան է անում»։

Օրինակ բերելով Գրանադայում ստորագրված փաստաթուղթը, նա ասաց․ «Օրինակ՝ Գրանադայի փաստաթղթում կետ կա՞ր, որ անհապաղ պիտի վերադարձվեն բոլոր ռազմագերիները։ Առաջին կետը դա պիտի լիներ, մինչև մնացածը կատարելը։ Դա պարտավոր են ապահովել նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ ՀՀ մոտեցումները միջազգային իրավական ատյաններում ոչ թե պիտի լինեն վերացական, այլ ներկայացվեն առարկայական։ ՀՀ-ն հստակ պիտի արձանագրի, որ ես իմ քաղաքացիներին գնահատում եմ՝ որպես ռազմագերիներ, ոչ թե հանցագործներ։ Պետք է մարդիկ իմանան, որ նենց չի, որ անճար նստել ենք։ Կա գործիքակազմ։ Այն պոստուլատը, որ ով էլ գար, սենց էր լինելու, պետք է մարդկանց ուղեղներում ջրվի։ Երկրի ղեկավարությունից շատ բան է կախված։ Երկրի ներսում պետք է համերաշխություն վերականգնվի, ինչը այս իշխանությունը չի անում»։

Ըստ Արամ Օրբելյանի՝ ռազմագերիների հարցով պատանդառության կոնվենցիայով գործընթաց կա, ռազմագերիների հետ կապված գործընթաց կա, ՄԻԵԴ-ով գործընթաց կա․ ոչ մի բան չի արվում․ «Արվում է ձևական գործընթաց, որի շրջանակներում ձևական դիմումներ են գրվում, հայտարարություններ արվում և ձևական սփոփանքներ է, որ տեսեք՝ ինչ է լինում։ Մոտավորապես տպավորությունս «հաղթելու ենք»-ին է նման»։

Ըստ փաստաբանի՝ ակնհայտորեն Ադրբեջանն իրականացրել է գործողություններ, որն իր համար կարող է առաջացնել լրջագույն բացասական հետևանքներ, բայց կառաջացնի, թե՝ ոչ, կրկին կախված է նրանից՝ մենք ունե՞նք պետություն թե՝ ոչ․ «Միջազգային իրավունքի տեսակետից ինչ ենք անում մենք։ Եթե մենք միջազգային իրավունքի գործիքակազմն օգտագործում ենք ուղղակի օգտագործած լինելու համար, այն չի աշխատելու։ Դիմել ենք ՄԱԿ -ի դատարան և ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ։ Ասել ենք՝ պարտավորեցրու Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որը կխախտի կոնվենցիայի երկրորդ և երրորդ հոդվածներով նախատեսված՝ իր պարտավորությունները։ Եթե դատարանը միջանկյալ միջոց չէր կիրառում, Ադրբեջանը պարտավո՞ր էր չխախտել այդ հոդվածը, իհարկե պարտավոր էր։ Սա նույնն էր, ինչ մենք մտնենք դատարան, ասենք՝ պարտավորեցրու այս մարդուն՝ քրեական օրենսգրքով նախատեսված բան չանի, մինչև այս գործը քննենք, որպեսզի իմանանք՝ խախտե՞լ է, թե՞ ոչ։ Լուծումն այն է, որ միջազգային իրավունքում կա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բլոկ։ Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող նորմերն են։ Մենք սարսափում ենք, չեմ հասկանում ՝ ինչի, որ ասենք, որ առկա է միջազգային զինված ընդհարում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև և Արցախի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ մասնակցությամբ։ Հենց ասում ենք, որ դա միջազգային զինված ընդհարում է, մենք ունենք լրիվ իրավական հիմը պնդելու, որ նշված մարդիկ՝ և ռազմագերիները, և քաղաքական իշխանության ներկայացուցիչները, ստանում են ռազմագերու կամ ներկալված քաղաքացիական անձի կարգավիճակ։ ՀՀ-ն ունի հնարավորություն՝ պահանջելու երրորդ երկրի այցելություն ռազմագերուն։ Ադրբեջանն էլ ունի իրավունք հրաժարվելու, բայց մեկ, երկու, երեք անգամ չցանկանալով՝ քաղաքական իրավիճակ, մոտեցումներ են փոխվում։ Մեր խնդիրն այն է, որ մենք այս մարդկանց կարգավիճակի հարց լուծենք։

Եթե մենք հետ ենք գալիս այն պոստուլատին, որ Ադրբեջանի տարածքում մի հատ ապօրինի կառույց է եղել, իր անունն էլ ԼՂ, Ադրբեջանի գործողությունները դառնում են տրամաբանական և իրավաբանորեն ճիշտ։ Հենց մենք ասում ենք, որ ոչ, Արցախն ուներ անկախության իրավունք, Արցախը պետություն է և գոյություն ունի պետություն, և Ադրբեջանի ուժի օգտագործումը ոչնչացրել կամ փորձում է ոչնչացնել պետություն, ագրեսիա, ցեղասպանություն է իրականացնում, լրիվ այլ դաշտ ենք մտնում։ Ոչ թե Ադրբեջանի կատարածը դառնում է ահաբեկչական գործողություն, այլ ագրեսիա գոյություն ունեցող պետության նկատմամբ։ Բայց պետք է պետություն ունենաք, իշխանություն ունենանք, որ սա անի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031