«Այսօրվա ԲՄՊՊ համաժողովը մեր ապագայի ընդհանուր տեսլականի մարմնավորումն է. ապագա, որտեղ բնությունն ու մարդը ներդաշնակորեն գոյակցում են, և որտեղ բնությունը հարգված, պաշտպանված և փայփայված է գալիք սերունդների համար»,- իր բացման խոսքն այսպես է սկսել ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը՝ ելույթ ունենալով Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպմանը, որը հոկտեմբերի 16-18-ը տեղի է ունենում Հայաստանում։

ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթն ընդգծել է՝ թեպետ մեր բնաշխարհն անզուգական բնական գեղեցկության կրողն է, այնուամենայնիվ մարդիկ միշտ չէ, որ գնահատում են այն։ «Մենք բոլորս գիտենք, որ այս գեղեցկությունը անսահման չէ։ Մենք նաև գիտենք, որ մեր առջև ծառացած մարտահրավերները հսկայական են՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աճելավայրերի ոչնչացում, աղտոտվածություն, պատերազմ: Այս մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից»,- եզրափակել է նա:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում ասել է. «Որպես Բնության պահպանության միջազգային միության անդամ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համար պատիվ է կանգնել մեր մոլորակի պահպանման ընդհանուր գործին նվիրված ԲՊՄՄ անդամ կազմակերպությունների, պետական կառույցների և անհատների կողքին: Բնության պահպանության տիրույթում մեր առաքելությունը քաղաքական, մշակութային և աշխարհագրական սահմաններից անդին է, այն ուղղված է ապագայի համար ընդհանուր տեսլական ստեղծելուն և իրագործելուն»:
Ռուբեն Խաչատրյանը՝ խոսելով Հայաստանի և ողջ աշխարհի համար դժվարին այս ժամանակահատվածի մասին, նշել է. «Այն բնորոշող հիմնական իրողություններից մեկը, ցավոք, հումանիտար ճգնաժամն է, մեր մոլորակի խնդիրների լուծման կարևորագույն գրավականներից է միջազգային կառուցողական գործընկերությունը: Այս համատեքստում առավե՛լ եմ կարևորում եմ մեր այսօրվա միջազգային հանդիպումը»։

ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ.-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄ-ն կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ




















































