Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանադավ «Հոկտեմբերի 27-ի» երեկոյան նախարարության լույսերը մարեցին ու էլ երբեք չվառվեցին

Հոկտեմբեր 27,2023 09:00

Բնակարանիս պատուհանները նայում էին գյուղատնտեսության նախարարության շենքին: 1999 թվականի մայիսին և դրան հաջորդած ամիսներին ես նկատեցի, որ նախարարության լույսերը գիշերները չեն մարում և աշխատասենյակներում մինչև լուսաբաց ակտիվ աշխատանքային եռուզեռ է: (Քանի որ սենյակները վարագույրներ չունեին` ներսը պարզ տեսանելի էր): Շրջակա բնակիչները նույնպես տարակուսած էին: Սկզբնական շրջանում երևույթը տարօրինակ էր, հետո դարձավ սովորական: Ոմանք էլ նման գրաֆիկը կապեցին գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանի հետ և դադարեցին մտածել այդ մասին:

Մի կիրակի առավոտ կանուխ շուկա գնալիս` նախարարության դռան մոտ հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ում վաղուց չէի տեսել: Պարզվեց, որ նա այդ նախարարությունում է աշխատում և այդ ժամին պատրաստվում էր գնալ տուն մի փոքր հանգստանալու, որովհետև գիշերը էլի պիտի աշխատեին: Ասաց, որ ցերեկները հիմնականում աշխատում են կանայք:

-Իսկ ի՞նչ է, գրաֆիկով երկու հերթափոխի՞ եք անցել, – հարցրեցի:

-Չէ, ջանմ, ինչ գրաֆիկ, ինչ բան: Ասում են` վարչապետը չի քնում (խոսքը Վազգեն Սարգսյանի մասին էր)։ Հենց իր «կաբինետում» էլ մի երկու ժամ հանգիստ առնի, թե` չէ, ամբողջ օրը աշխատում է` ոչ շաբաթ, ոչ կիրակի: Ասում են` նա իր կյանքում արձակուրդ անգամ չի վերցրել: Դե, եթե նա աշխատում է, նախարարը քանի՞ գլխանի է, որ տուն գնա, մենք էլ հետը: Հո մենակ մենք չենք, բոլոր նախարարությունները աշխատում են էս ռեժիմով: Երևի մենք մի քիչ շատ, որովհետև գյուղերում խնդիրները սահման չունեն: Էնպես որ, ուրիշ ճար չունենք, ուզենք, թե չուզենք` պիտի աշխատենք: Մանավանդ որ կառավարության ողջ կազմի առաջ որոշակի, շատ կարճ ժամկետ է դրվել, որի լրանալուց հետո տնտեսությունը պետք է անցնի «ստարտի»:

Ապա, կրկին անդրադառնալով Վազգեն Սարգսյանին, շարունակեց.

-Ճիշտն ու սուտը չգիտեմ՝ ասում են տուն էլ չունի:

-Ունի, – ասացի,- Արարատում հայրական տունն է, Երևանում՝ Կառավարական «դաչան»։

-Ստացվում է Վարչապետը սեփականություն չունի՞:

– Դե, այդպես է ստացվում:

-Այ քեզ բան, – տարակուսած նա վեր քաշեց ուսերը, ապա շարունակեց.

-Բայց ինչո՞ւ եմ զարմանում, Կարեն Դեմիրճյա՞նը ինչ ունի: Սովետական տարիներից ստացած իր երեք, թե չորս սենյականոց բնակարանն է, որի մեջ իր մեծ ընտանիքով՝ երեխաներով, թոռներով ապրում է մինչև էսօր: Նույնիսկ «դաչա» չունի: Ծառայողական մեքենայից էլ հազվադեպ է օգտվում: Գործի հիմնականում ոտքով է գալիս-գնում: Թիկնապահներ էլ չի պահում: Ասում է՝ թշնամիներ չունի:

-Դե ուրեմն, – ասացի ես, – պիտի գիշեր-ցերեկ աշխատենք, որ Կարեն Դեմիրճյանի խոսքով. «երկիրը փոսից հանենք»:

-Հա՛, ես իր ցավը տանեմ,- գոհունակությամբ շարունակեց միտքը, – տեսնես ինքը գիտի, որ Աստծո ամենամեծ նվերն է հայ ժողովրդին: Մի հատ է, նմանը չկա: Չես պատկերացնի՝ իր վերադարձով ինչ հանգստություն է իջել բոլորիս տներում: Տո երկու էսքան էլ կաշխատենք, – ավելացրեց նա, – մենակ, թե մեր երեխաները լավ ապագա ունենան: Եւ ասեմ, իմանաս՝ մեկ օրում մի շաբաթվա գործ ենք անում:

Մենք խաղաղ հոգով հրաժեշտ տվեցինք իրար:

 

…Հայադավ ու Հայաստանադավ «Հոկտեմբերի 27-ի» երեկոյան նախարարության լույսերը մարեցին ու էլ երբեք չվառվեցին: Շենքը թաղվեց անլուսաբաց խավարի մեջ, ինչպես՝ ողջ Հայաստանը:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

1.Այսօր Հայաստանում Գյուղատնտեսության նախարարություն էլ չկա: Այսօր նույնիսկ գյուղատնտեսություն չկա:

2.Այսօր Հայաստանում կործանում կա ու մահ: Ցեղի սերմացու տեսակը 44 օրում դարձավ արյունոտ հիշողություն կամ ապրող, խեղանդամ տառապանք: Դավադիր ձեռքով կորցրեցինք Արցախը: Կորցնում ենք մեր Անկախությունն ու Պետականությունը:

3 1999 թվականից ի վեր Հայաստանում ժամանակը կանգ է առել «Հոկտեմբերի 27-ի» մեջ: Այն ամբողջ արհավիրքները՝ երկրի կողոպուտը, բնակչության տեղահանումը, պետական գրեթե բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, հասարակության մանկուրտացումը և «44 օրյա պատերազմ- կործանումը», իսկ այսօր Մայր Հայաստանի սահմանների մաս-մաս հանձնումը թուրքերին՝ «Հոկտեմբերի 27-ի» ծրագրային շարունակությունն է, որն իրականացնում են արտաքին և ներքին ՆՈՒՅՆ ուժերը:

4.Մի՞թե Հայաստանի ԱՆԿԱԽ Հանրապետության վերջին Սպարապետն էիր, վերջին Սպարապետը, Վազգե՛ն: (Վ.Տերյանի տագնապով)

 

Անահիտ Քնարյան

 

«Հիշողության կայարաններ» շարքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Աստված հոգիները լուսավորի ,երկուսն էլ լավ ղեկավար էին ,ես շատ եմ ափսոսում ,մինչև հիմա ոչ մեկը նրանց կեսը չարժեն

Պատասխանել Anonymous

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031