«Ծանոթներիցս մեկի դրամապանակը հավանեցի, ասաց՝ որ ձեռքի աշխատանք է։ Սկսեցի հետաքրքրվել, համացանցից ուսուցողական ֆիլմեր նայեցի․․․ Ընկերներիցս մեկն էլ պարզվեց՝ զբաղվում է այդ արհեստով, մի քանի հմտություններ սովորեցրեց ու սկսեցի», – իր նոր նախասիրության մասին պատմում է Եվրոպայի չեմպիոն, 2 օլիմպիական խաղերի մասնակից, Բալկանյան երկրների առաջնության յոթակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանը։
Արդեն չորս ամիս է, ինչ նա կաշվից դրամապանակներ ու քարտապանակներ է կարում։ Հերթական մրցաշարում հաղթելուց հետո՝ ստացած պարգեւավճարով անհրաժեշտ գործիքներ է գնում ու մայրիկի հին երկարաճիտք կոշիկի ճիտքից փոքրիկ դրամապանակ է կարում՝ համոզվելու համար՝ ստացվո՞ւմ է թե ոչ։ «Ըստ իս՝ բավականին լավ էր ստացվել ու սկսեցի զբաղվել այդ գործով», – ասում է Լեւոնը՝ նշելով, որ նպատակ ունի հմտանալու եվրոպացի հանրահայտ վարպետների մոտ։
Չի հաշվել, թե մինչեւ օրս քանի հատ դրամապանակ ու քարտադարան է կարել, բայց, ընդհանուր առմամբ, մոտ 400.000 դրամի վաճառք է իրականացրել․ գները տատանվում են՝ 7000-ից մինչեւ 35.000 դրամ՝ կախված չափերից, կաշվի տեսակից։ Վաճառքից ստացած գումարը հիմնականում գործիքներ եւ հումք գնելու վրա է ծախսել։
Կարդացեք նաև
Մեկ ապրանքանիշի վրա, սովորաբար, աշխատում է 4-ից 12 ժամ՝ կախված նմուշի ձեւից․ եթե այն փոքր տարրեր է ներառում, ապա երկար ժամանակ է պետք՝ մանրազնին է աշխատում։ «Գուցե ուրիշները չկարողանան նկատել, օրինակ կարերից մեկի թեք լինելը, բայց մասնագետները կտարբերեն։ Դրա համար պիտի սրտանց եւ ուշադիր աշխատել»,-ասում է Լեւոնը։
«Սիրում եմ հատկապես կարելու պահը, երբ ասեղը մտնում ու դուրս է գալիս, յուրահատուկ ձայն է գալիս, այդ ձայնից մի տեսակ ոգեւորվում եմ», – ասում է Լեւոնն ու մանրամասն բացատրում կարերի տեսակը։ Յուրաքանչյուր ապրանքանիշ ստեղծելիս՝ իմպրովիզ է անում։ «Նաեւ սրա համար եմ սիրում այս զբաղմունքը, քանի որ ազատ ես քո որոշումներում՝ կաշիների համադրելը, դիզայնը, կարատեսակներն որոշելը», – ասում է միջազգային կարգի սպորտի վարպետը։
Ապրանքանիշն իր ազգանունով է կոչել՝ «Աղասյան», որը դրոշմում է իր կարած յուրաքանչյուր դրամապանակի ու քարտադարանի վրա։ Զարմացա՝ երբ զրույցի ընթացքում նշեց, որ պետական եկամուտների կոմիտեում գրանցված է եւ արտադրանքի համար հարկեր է վճարում։ «Մի զարմացի, խնդիրներ չեմ ուզում ունենալ, մտադիր եմ հետագայում բիզնեսս ընդլայնել, մի քանի աշխատեղ ստեղծել։ Ծրագրերս շատ են, առաջ չընկնեմ։ Հենց դրա համար ցանկացա՝ որ ամեն ինչ օրենքի սահմանում լինի», – պատմում է զրուցակիցս։ Լեւոնն օգտագործում է իր իսկ ձեռքով կարած դրամապանակը։ «7-րդ թե 8-րդ կարածս է, ցույց տվեցի տեղացի վարպետներին՝ գովեցին․չնայած հիմա արդեն զգում եմ, որ կարատեսակը ուրիշ ձեւ պիտի անեի»,-նշում է Եվրոպայի չեմպիոնը։



Արմեն ԴԱՎԹՅԱՆ



























































