Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է միայն հայկական Արցախ գնանք։ Եթե այլ կերպ, դա հնարավոր չէ»․ Արցախցիները՝ իրենց՝ ՀՀ-ում աշխատանք գտնելու և ապագայի մասին

Հոկտեմբեր 31,2023 19:00

«Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա ընկալում եմ՝ որպես հնարավորություն ոլորտը փոխելու, գուցե նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ ինձ ավելի հոգեհարազատ աշխատանք գտնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 26-ամյա Լիդա Միրզոյանը։

Նա իր ընտանիքի հետ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո տեղափոխվել է ՀՀ։ Այժմ ընտանիքով բնակվում են Էջմիածնում՝ հյուրատանը, բայց այժմ կրկին Էջմիածնում բնակարան են փնտրում․ «Չորսով ենք ապրում՝ մայրիկ, հայրիկ, քույրիկ ու ես։ Քրոջս համար ավելի դժվար է։ Ինքն այնտեղ բնակարանային կոմիտեում էր աշխատում, որը զբաղվում էր դեռ 2020-ին տեղահանված ընտանիքների բնակարանների տրամադրման աջակցությամբ։ Հիմա ճակատագրի բերումով ստացվել է, որ նույն կարգավիճակում մենք ենք հայտնվել»։

Լիդան ֆինանսիստ է։ Արցախցիների համար կազմակերպված Artsakh Career Expo աշխատանքային տոնավաճառի ընթացքում մեզ հետ զրույցում  պատմեց․ «Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, տնտեսագետ։ 4 տարի աշխատում  էի Արցախբանկի գլխամասային գրասենյակում՝ որպես սպասարկող գանձապահ։ Այստեղ էլ կա հնարավորություն շարունակելու այդ նույն աշխատանքը։ Քանի որ մերը մասնավոր կազմակերպություն է, մեր աշխատավայրը փորձում է առավելագույնն այնպես անել, որ գոնե պահպանի աշխատատեղերը, բայց էլի ամբողջությամբ հնարավոր չի անել, քանի որ շատ մեծ թվով մարդկանց ներհոսք է եղել։ Ատեստավորման միջոցով փորձում են լավագույն կադրերին պահել»։ Լիդան նշեց, որ այն անձինք, որոնք պետական ոլորտում էին աշխատում, կամ ունեին իրենց բիզնեսը, այժմ գործազուրկ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Լալայանը սովորում է Երևան տեղափոխված Շուշիի տեխնոլոգիական համալսարանում․ «Երևի բոլոր արցախցիների համար առաջին խնդիրը տուն գտնելն է։ Եվ ամենաբարդը այդ է եղել  սկզբից։ Մենք բարեհաջող գտել ենք բնակարան․ վարձով ապրում ենք Երևանում, իսկ հետո երևի արդեն գործն է, որովհետև մարդ պիտի աշխատի, որ կարողանա իրեն ապահովել»։

Տիգրանն ասաց, որ գրանցվել է ՏՏ ոլորտի առցանց դասընթացների, որոնք արցախցիների համար անվճար են․ «Եռամսյա դասընթացներից հետո կփորձեմ մտնել աշխատանքի։ Ինձ համար կարևոր է, որ ՏՏ ոլորտ մտնեմ։ Նպատակ եմ դրել իմ առաջ, որ պետք է այդ ոլորտ մտնեմ, և այդ դասընթացները  հնարավորություն են ինձ համար այդ ոլորտում հայտնվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մելանյա Բարսեղյանը բուժքույր է, աշխատում էր Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Այժմ ընտանիքով ապրում են Էջմիածնում։ Մեզ հետ զրույցում պատմեց․ «Ուզում եմ իմ աշխատանքը շարունակել, քանի որ 34 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Բայց եթե չստացվի՝ ինչ -որ բան պիտի անեմ գոյատևելու համար»։

Նա ասաց, որ իր աղջիկն այսօր առաջին օրն է գնացել աշխատանքի։ Խոսելով այն ամենի մասին, ինչ իրենց հետ կատարվել է, ասաց, որ այս ամենում միակ լուսավոր կետն այն է, որ ՀՀ-ում մեծատառով մարդկանց է հանդիպել։ Նա Արցախից ՀՀ է եկել սեպտեմբերի 27-ին, բոլոր վիրավորվերին օգնություն են ցուցաբերել․ «Հայաստան եկանք ահավոր պայթյունից հետո։ Աղջկաս ամուսինը վիրավորվել էր․ այրվածքաբանականում պառկած էր, ահավոր օրեր էին։ Քրոջս տղան էլ վիրավոր էր։ Չկա մի ընտանիք, որ տուժված չլինի»։

Այն կոչերին, թե պետք է ապահովել արցախցիների՝ միջազգային երաշխիքների ներքո Արցախ վերադարձ, Մելանյա Բարսեղյանն այսպես արձագանքեց․ «Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը, ի՞նչ կարգավիճակով։ Այսինքն՝ պիտի գնանք ինտեգրվե՞նք։ Չէ, թողել եկել ենք, վերջ, մեր բախտը պետք է որոնենք մեր հայրենիքում, եթե կընդունեն։ Եթե՝ ոչ, պետք է փախստականի կարգավիճակով ով կընդունի, մենք տեղափոխվենք, մեր աշխատանքը, գործունեությունը, կյանքը շարունակենք։ Մենք պետք է միայն հայկական Արցախ գնանք։ Եթե այլ կերպ, դա հնարավոր չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Կարաբեկյանը մասնագիտությամբ փիլիսոփա է, դասավանդել է Արցախի պետական համալսարանում և մի շարք այլ համալսարաններում, զբաղվել է նաև քաղաքական վերլուծությամբ, իրավապաշտպան գործունեությամբ, հանդես եկել լրագրության և այլ ոլորտներում։ Նա նշեց․ «Այն բուհից, որտեղ դասավանդել եմ, այժմ աշխատանքի են ընդունվել ընդամենը 8-10 հոգի։ Արցախի պետական համալսարանում էի դասավանդում, որը փաստացի կազմալուծվել է, դասավանդում էի նաև Գ․ Նարեկացի համալսարանում, որը ևս կազմալուծվել է։ Արցախյան չորս բուհից մնացել է մեկ բուհ, այն էլ դա ավելի շատ կրթահամալիր է»։

Ասաց, որ սիրով կաշխատի՝ որպես անկախ վերլուծաբան․ «Աստծոն փառք, որ վերաինտեգրումը հայկական հողում է, հայ հասարակության հետ, այլ ոչ թե այն, ինչ Ադրբեջանն է փորձում անել։ Մենք պետք է միավորվենք, միասնական դառնանք, և Աստված մեզ հաղթանակ տալու է։ Մենք նորից  վերադարձանք 1988 թվականը, որոշ տեղեր վերադարձանք այն շրջանը, երբ օղակ օպերացիա կար, պատերազմի վտանգը կար։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ կհաղթենք, և նոր հաղթանակները դեռ առջևում են։ Նորից կվերադառնանք մեր հայրենիքը, բայց այն կլինի նոր հայկական պետությունում, և մի դրոշ կլինի՝ առանց բաժանարար սպիտակ գծերի»։

Մանրամասները՝  տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031